ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԿԳ նախարարն այցելել էր «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ
22.02.2019
ԿԳ նախարարն այցելել էր «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ

«Շախմատ» առարկայի ուսուցիչների օրագրերի կազմում, տնային աշխատանքների և գնահատման համակարգի վերանայում և այլն. այս և այլ հարցերը քննարկելու համար Մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում էր ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարար Հարությունյանն ընդգծեց, որ հանդիպման նպատակը շախմատի դասավանդման ընթացքում հատկապես ծնողների շրջանում առաջացած խնդիրների քննարկումն ու դասավանդման արդյունավետության բարձրացումն է։

ՀՊՄՀ-ի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ինստիտուտի ղեկավար Սմբատ Լպուտյանը ներկայացրեց ինստիտուտի գործունեությունը, սոցիոլոգներով, մեթոդիստներով, հոգեբաններով համալրված աշխատանքային թիմին, որոնք իրականացնում են հետազոտություններ, կատարում վերլուծություններ՝ սկսած 2012 թվականից՝ առարկայի ներդրմանը զուգահեռ:

Հետևողականության, ուշադրության, հաղորդակցման, տրամաբանության զարգացում և այլն. այս և այլ առավելությունների կողքին նախարար Հարությունյանին ներկայացվեցին բազմակողմանի գիտական հետազոտություններ, վերլուծություններ, տարբեր տարիների հաշվետվություններ, ծնողների կարծիքներ, աշակերտների հարցումներ:

Արդյունքների մասին խոսելիս՝ պատասխանատուները շեշտադրեցին հատկապես ուսուցիչների պատրաստման կամ վերապատրաստման կարևորությունը. դրա արդյունքում տարիների ընթացքում գրանցվել են շոշափելի արդյունքներ նաև առարկայի դասավանդման արդյունավետության տեսանկյունից: Մասնավորապես՝ 2-4-րդ դասարանների սովորողների շրջանում կատարված  հարցումների արդյունքներով՝ երեխաների մեծ մասը «Շախմատը» նշել են սիրված առարկաների եռյակում:

Ինստիտուտի աշխատակիցները վստահեցրին, որ հիմնադրման օրից իրենց աշխատանքում գնացել են նաև հաճախ բարձրացված՝ «շախմատը բոլորի համար չէ» պնդման հետքերով և ուսումնասիրություններ իրականացրել նաև հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներում: Հետազոտողները միակարծիք են՝ շախմատի դասավանդման մեթոդների ընտրության ամենից կարևոր գործոնը ուսուցիչների պատրաստվածության մակարդակն է, կա դասավանդման մեթոդաբանության խնդիր:

«Ամենամեծ խնդիրը ուսուցիչների որակական թարմացումն է: Չնայած տարիների աշխատանքի արդյունքները դրական են, սակայն անելիքներն էլ քիչ չեն»,-նշեց Ինստիտուտի ղեկավար Սմբատ Լպուտյանն ու անդրադառնալով շախմատի՝ այլ առարկաների վրա դրական կամ բացասական ազդեցություններին, հավելեց, որ իմաստուն խաղը զարգացնում է այնպիսի հմտություններ, որոնք պետք են հասարակությանը և ոչ թե որևէ առարկան ավելի լավ յուրացնելու համար:

ԿԳ նախարարը աշխատանքային խմբին փոխանցեց նաև մի խումբ ծնողների՝ շախմատը պարտադիր և գնահատվող առարկա ներդնելու ուղղությամբ բողոքները, և կարևորեց այդ հարցում իրականացված հետազոտություններին ծանոթանալը:

«Եւ´ ծնողները, և´ ուսուցիչները շահարկում են գնահատականը, այնինչ խնդիրը պետք է քննել առաջին հերթին երեխայի տեսանկյունից: Տարրական դասարաններում գնահատանիշի արդյունքում կորչում են երեխաների որակական ձեռքբերումները. այս տարիքում պետք է շեշտը դնել կարողությունների և հմտությունների զարգացման վրա»,-նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն ու հավելեց՝ սկզբնական կրթության հայեցակարգի մշակումն առաջնահերթություն է:

Մանկավարժական համալսարանի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը նախարար Հարությունյանին և կրթության ոլորտի պատասխանատուներին ներկայացրեց «Շախմատ» առարկայի դասավանդման գծով միջազգային գիտաչափական շտեմարաններում տպագրումների քանակն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարարը հորդորեց շախմատի՝ այլ առարկաների վրա ունեցած ազդեցությունն ու կապը ուսումնասիրել նաև հետբուհական կրթության մակարդակում:

Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով շախմատի ունեցած դերակատարությանը՝ նշեց. «Կա մի մտածողություն՝ դիվերգենտ, որը բնորոշ է միայն շախմատին և մտնում է ինտելեկտուալ մոդելի մեջ»,-հավելեց պրոֆեսորն ու վստահեցրեց՝ այդ հարցը առավել քան վիճելի է:

Հանդիպման ավարտին Սմբատ Լպուտյանը վստահեցրեց, որ Ինստիտուտի հետազոտությունները հետաքրքրում են աշխարհին և որքան շատ լինեն ուսումնասիրությունները, այնքան ոլորտը կլինի ավելի արդյունավետ, իսկ ուսուցիչների վերապատրաստումները պետք է լինեն շարունակական: