ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Խորհրդային Հայաստանի պատմությունը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ»
04.06.2021
«Խորհրդային Հայաստանի պատմությունը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ»

Մանկավարժական համալսարանում կայացավ «Հայաստանը 1945-1965 թթ.» խորագրով հանրապետական գիտաժողովը: Մասնակցում էին տարբեր բուհերի, գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնց կարծիքով` նշված ժամանակահատվածն այդքան էլ ուսումնասիրված չէ:

Նրանք իրենց զեկույցներում անդրադարձան Հայրենական պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ տարածքում տարբեր ոլորտներում սկիզբ առած վերականգնման աշխատանքներին, փոփոխություններին` քաղաքականությունից մինչև տնտեսություն, մշակույթից մինչև հայրենադարձություն և այլն:

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջույնի իր խոսքում կարևորեց գիտաժողովի անցկացումը`նկատելով, որ 1960-ականները ազգային գիտակցության զարթոնքի ժամանակաշրջանն էր ամենատարբեր ուղղություններով. «Սա խոսում է հայ ժողովրդի ունակությունների մասին, որ անհրաժեշտ տնտեսական և քաղաքական պայմաններում ունենում են որոշակի դրսևորումներ»,-հավելեց ռեկտորն ու հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներում ժամանակաշրջանը կներկայացնեն ողջ խորությամբ:

Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ 1950-ական թվականների երկրորդ կեսին Հայաստանում մշակութային կյանքի զարգացման միտումներին և ընդգծեց, որ այդ շրջանում արվեստի և գրականության գործիչների մեծամասնությունը համակված էր ազգային մշակույթն ազատ տեսնելու, անկաշկանդ և փոխկապակցված զարգացնելու, ժողովրդական լայն զանգվածներին մատչելի դարձնելու ցանկությամբ. «Մշակութային անկումն ուղիղ համեմատական է ազգի և հայրենիքի քաղաքական ապագայի մթագնմանը»: Նա այն կարծիքին է, որ խորհրդային մշակույթի զարգացման խրուշչովյան թեզերը շատ քիչ էին տարբերվում ստալինյան թեզերից և մատնանշում էին հիմնականում խորհրդային կյանքն ու սոցիալիստական շինարարությունը գովերգելու կամ ներկայացնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, մշակութային գերատեսչությունների ղեկավարները կրկնում էին նույն հանգերգը, բայց նրբորեն դրվատվում էր ազգային ակունքներից չհեռանալու գաղափարը և մշակույթի գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչները, ոգևորված «խրուշչովյան դեմոկրատիայով», փորձում էին արվեստ բերել ազատ մտածողությունն ու թոթափել կաղապարված մոտեցումները:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ նկատում է` Խորհրդային Հայաստանի պատմության շատ խնդիրներ դեռ ուսումնասիրված չեն:

«Խորհրդային տարիներին թմբկահարվում էին այդ ժամանակաշրջանի տարբեր դրվագները, ներկայացվում դրական լույսի ներքո, բայց եկավ անկախ Հայաստանը և այն ամենը, ինչ բացասական էր, մենք վերագրում էինք խորհրդային ժամանակներին»,-նշեց ակադեմիկոս Մելքոնյանն ու անդրադարձավ պետականության առումով երկու տարբեր ժամանակաշրջաններին բնորոշ տարբերություններին: Նա այն կարծիքին է, որ պետականության առումով պարտավոր ենք ուսումնասիրել Խորհրդային Հայաստանի պատմությունը`վերջապես ի՞նչ էր այն իրենից ներկայացնում իր իրավաքաղաքական կարգավիճակով կամ եթե այն պետություն չէր կամ չուներ պետականության տարրեր, ապա ինչպե՞ս այդտեղ ծնվեց ու դաստիարակվեց մի ամբողջ սերունդ, որ հաղթեց Արցախյան առաջին պատերազմում:

ՀՊՄՀ թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանն անդրադարձավ 1948-1953 թվականներին Հայաստանից ադրբեջանցիների վերաբնակեցման հիմնախնդրին, որի վերաբերյալ մինչև 1988 թվականը պատմական գրականության մեջ որևէ խոսք չկա: Նա ներկայացրեց բոլոր այն փաստաթղթերն ու նամակները, որոնցով ներկայացվում էր ադրբեջանական բնակչության վերաբնակեցման մասին մի շարք մանրամասներ` 1945 թ. Հայաստանի ԿԿ Կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանի նամակը Իոսիֆ Ստալինին, 1947 թ. ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նամակը, մի շարք որոշումներ և այլն:

«Ամեն դար իր զենիթային ժամն ունի. 20-րդ դարի այդ ժամանակը 60-ականներն էին: Եվ դա միայն հայաստանյան պրոցես չէր և միայն Խորհրդային Միությունում չէր, որ կատարվում էր. Երկրորդ համաշխարհային պատերազմի ցնցակաթվածից հետո այդ թվականներն իրենց նոր շնչառությամբ, մշակութային գիտակցությամբ, նոր հայացքով դրսևորվեցին գրեթե բոլոր եվրոպական երկրներում»,-նշեց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանն ու անդրադարձավ հատկապես այդ շրջանի կինոյին` որպես նոր ինքնության գիտակցություն, խորհրդանշական գոյություն:
«Բարև, ես եմ» և «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերը, որ նկարահանվել են ընդամենը երկու տարվա տարբերությամբ, պրոֆեսոր Մուրադյանը համարում է խիստ խորհրդանշական` հայ մարդը մեջտեղ է բերում «ես»-ը`որպես իր լինելիության մի նոր հայտնաբերում. սա ստալինյան վանդակից դուրս եկած սերնդի գիտակցությունն էր. «Այս երկու ֆիլմերը, որոնցում միաձուլվում են ես-ն ու մենք-ը, անհատն ու ժողովուրդը, դարձան ժամանակ, մթնոլորտ ու գիտակցություն թելադրող գեղարվեստական երևույթներ»:

Նա այն կարծիքին է, որ 60-ականներն ունեին նախապրոցես և իներցիա, ուստի ունեցան զարգացումներ, որոնք իրենց արտահայտությունն ունեցան նաև հայկական կինոյում:

«Արվեստը կարող է ժամանակ թելադրել: Շղթաներ կան, որ արվեստն ավելի շուտ է տեսնում, քան իրականությունը»,-նշեց Դավիթ Մուրադյանն ու նկատեց` իր երիտասարդությունն ու իր անձի ձևավորման ժամանակաշրջանը համընկել է 60-ականների հետ, երբ հայկական կինոն կարծես դարձավ «ազգային մերան»:

ՀՊՄՀ Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն էլ իր զեկույցում անդրադարձավ նշված ժամանակաշրջանի ազգային կեցության գրամշակութային կերպերին` նշելով. «Ճակատագիրը երբեք այսքան հայելանման չի եղել: Պատմության մեջ դժվար է հիշել, որ հայությունը ազգային կեցության երկարատև, խաղաղ, հանդարտ ժամանակներ ունեցած լինի. Ժողովրդի հավաքական կյանքում փոթորկոտ ու անհանգիստ շրջանները հետապնդել են ու հաջորդել են միմյանց: Հարաբերական անդորրը, որ տրվել է նրան, միայն ուժերի նոր կուտակման, վերադարձի և վաղվա գոյաբանական մարտնչումների նետվելու պատրաստ լինելու համար է իջել, ինչի համար նրա օրը երազային, ռոմանտիկ սպասումներով է հատկանշվել»:

Պրոֆեսորն այն կարծիքին է, որ անցյալ դարի 40-60-ական թթ. ազգային ինքնության մտքի հոսքին, նոր ուղղության տեղաշարժերին նպաստել է Սփյուռք, և մեզանում անցումային այս փոփոխությունները նախապատրասեցին մտքի հեղաշրջման ձևակերպումներ:

Նշենք, որ «Հայաստանը 1945-1965 թթ.» խորագրով գիտաժողովը շարունակվեց նաև երկու զուգահեռ մասնախմբերում: Զեկուցողներն անդրադարձան այդ շրջանում հայ հոգեբանական, փիլիսոփայական մտքի, կրթական համակարգի, հայ կերպարվեստ զարգացմանը և այլն: