ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խորհրդային պետականությունը՝ պատմաբանների քննարկման առանցքում
21.12.2018
Խորհրդային պետականությունը՝ պատմաբանների քննարկման առանցքում

Մանկավարժական համալսարանում կազմակերպվել էր «Խորհրդային պետականություն. պատմություն և արդիականություն» խորագրով կլոր սեղան-քննարկում:

ՀՊՄՀ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց քննարկման մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովն իր զեկույցում անդրադարձավ 21-րդ դարի ուսուցչին, դարի մարտահրավերներին և ուրախությամբ նկատեց՝ քննարկմանը մասնակցում է բոլորովին նոր՝ բուհի Պատվավոր դոկտորի կարգավիճակով:

Ռուս գործընկերը շնորհակալություն հայտնեց ձեռնարկի կազմակերպման համար և հույս հայտնեց, որ այն հնարավորություն կտա զարգացնել հետագա համագործակցությունը թե ՌԴ, թե հայաստանի մանկավարժական կրթության ոլորտում առաջացած խնդիրների շուրջ:

«Ամենակարևորը, ինչ պետք է անենք այսօր կրթական ոլորտի մարտահրավերների համատեքստում, համատարած տեղեկատվայնացման և թվայնացման պայմաններում, դա մարդու մեջ մարդկայինը պահպանելն է»,-նշեց Ալեքսեյ Լուբկովն ու հավելեց, որ խնդիրը չի լուծվել նաև 20-րդ դարում:

Մեջբերելով Մ. Դոստոևսկուն, որի ստեղծագործություններում հերոսների միջոցով ասվում էր, թե ընդունելի չէ այն աշխարհը, որի հիմքում կա թեկուզ մեկ մանկան արցունք, այսօր գիտակցում ենք՝ 21րդ դարը մեկ մանկան արցունք չէ, այլ մի ամբողջ օվկիանոս. ներկա ժամանակներում պետք է գնահատել և հետազոտել երեխաների յուրաքանչյուր հարց:

«Եվ հայ, և ռուս ժողովուրդը վերապրել է ողբերգական շատ էջեր, ինչը վկայում է, որ 20-րդ դարում զարգացող մարդկային պատմության ողբերգությունը չի խթանել մարդասիրության զարգացմանը»,-նշեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց ՀՀ-ն նոր աշխարհակարգի համատեքստում 1918-1920 թվականներին: Պրոֆեսորը վստահեցրեց՝ հետխորհրդային շատ երկրներ համարում են, որ խորհրդային տարիներին իրենք չունեին պետականություն՝ այդ ժամանակաշրջանը համարելով օկուպացիոն. «Մենք՝ հայերս, միշտ ունեցել ենք այլ մոտեցում»:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՊՄՀ-ի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ Ռուբեն Սաֆրաստյանն էլ խոսեց ԽՍՀՄ փլուզման և Թուրքիայի համար դրա երկակի նշանակության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների և վարած քաղաքականության մասին:

Համազասպ Հարությունյան, Ասքանազ Մռավյան, Սուրեն Թովմասյան, Սերգեյ Շահվերդյան և այլ գործիչներից բացի, ՀՀ նախագահ խորհրդական Տիգրան Լիլոյանն անդրադարձավ նաև խորհրդային և ռուսաստանյան դիվանագիտական ծառայությունում մեծագույն ավանդ ունեցած այն հայերին, որոնք տարբեր տարիներին ծավալել են արդյունավետ գործունեություն:

ՀՀ Ազգային արխիվի տնօրեն, ՀՊՄՀ-ի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանն էլ անդրադարձավ հետպատերազմյան տարիներին խորհրդային պետականության զարգացման առանձնահատկություններին: Պատմական գիտությունների դոկտորը Հայաստանի օրինակով խոսեց գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում կատարված փոփոխությունների մասին՝ ընդգծելով, որ եթե ստեղծվեր տնտեսական հաջողված մոդել, Միությունը չէր փլուզվի:

Կլոր սեղան-քննարկումը շարունակվեց այլ զեկույցներով, որոնցում պատմաբանները ներկայացրին 20-րդ դարի տարբեր տասնամյակներում սոցիալ-քաղաքական իրադրությունը, այլախոհության առաջացման պատճառներն ու բնույթը, անգրագիտության դեմ պայքարը և այլն: Հատկանշական է, որ քննարկմանը մասնակցում էին նաև ուսանողներ, ասպիրանտներ, որոնք ևս առանձին զեկույցներում ներկայացրին պատմական որոշ իրողությունների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու ուսումնասիրությունները: