Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ ՀՊՄՀ Պարարվեստի բաժնի 4-րդ կուրսի պետական ավարտական քննություն-համերգը։
Կուրսի ղեկավարը Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանն է, պարուսույցները՝ Սրբուհի Միքայելյան, Արմինե Թադևոսյան և Արթուր Դանիելյան։
Քննություն-համերգը յուրատեսակ հաշվետվություն է՝ ներկայացնելու ապագա պարուսույց-մանկավարժների և բալետմայստերների նոր սերնդի մուտքը դեպի պրոֆեսիոնալ պարարվեստ:
Այս տարի պարասեր հանդիսատեսի դատին հանձնվեց կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Խոշոր շահում» ֆիլմի պատմությունը՝ պարի լեզվով։ Համերգ-ներկայացումը ուղեկցվեց հակիրճ զվարճապատում մեկնաբանություններով, որոնց հեղինակը Լրագրության ամբիոնի վարիչ, կինոդրամատուրգ Լևոն Գալստյանն է։ Պարերով ներկայացվեց մի պատմություն, որը չգիտես՝ մարդկային ազնվությա՞ն, թե՞ անթույլատրելի միամտության մասին է, և չգիտես՝ ով է այս պատմության հերոսը՝ մանուկ մնացած մեծահասա՞կ, թե՞ մեծահասակի արտաքինով մի լուսավոր ու տխուր մանուկ․․․
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ պարային ներկայացման գափարի հրաշալի մարմնավորման համար և շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Կարեն Գևորգյանին և պարի դասավանդման մեթոդիկայի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ հրաշալի մտահղացման ու սքանչելի որակ ներկայացնելու համար։
«Ժամանակները կարծես միահյուսվել են, և հանդիսատեսի կարևորագույն գնահատականը մենք տեսանք՝ ապրումակցման, ընկալման, վստահության․ արժեքներ, որոնք այսօր կարծես պակասում են։ Կարեն Գևորգյանի և պարարվեստի մանկավարժության պրոֆեսորադասախոսական կազմի շնորհիվ սերունդների կամուրջն այսօր մեզ հիշեցնում է բանական ընտրության, սոցիալական փոխներգործության արժեբանության ընտրության բարձր մակարդակ պարարվեստի ամբիոնի շրջանավարտների կողմից»,-նշեց ռեկտորը՝ ամբիոնին մաղթելով փայլուն ելույթներ։
Նշենք, որ Պարարվեստի մանկավարժության ամփոփիչ ատեստավորման քննությունը գնահատում էր հանձնաժողովը։
Պարարվեստի մանկավարժության և դրա դասավանդման ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը շնորհավորեց շրջանավարտներին և նշեց, որ ամեն տարի հուզմունքն ու հպարտությունը միախառնվում են ու դառնում արժեք, իսկ մշակութային արժեքն այն ժամանակ է դառնում խորը և մնայուն, երբ ներշնչող է նրա ոգին։
«Մեր ուսանողները կյանքի նոր փուլ են մտնելու, բազմաթիվ խոչընդոտներ են լինելու նրանց առջև։ Համալսարանն այնպիսի գիտելիքներով և հմտություններով է զինել նրանց, որ նրանք կհաղթահարեն ցանկացած խոչընդոտ․ մշակութային մարդու համար խոչընդոտներն ու մարտահրավերներն անխուսափելի են»,-նշեց Կարեն Գևորգյանն ու հպարտությամբ նկատեց՝ ամբիոնի ուժեղ կողմը շրջանավարտներն են, քանի որ նրանք չեն հեռանում համալսարանից, հետագայում համալրում են դասախոսական կազմը․ «Մեր ուսանողները ոչ թե անցյալ են, այլև մեր ներկան»։
Միջոցառման ավարտին հանդիսատեսին անակնկալ էր սպասվում․ պար-բեմադրության գլխավոր դերակատարները, «խոշոր շահումի» տրամաբանությամբ, վիճակահանությամբ պատահական ընտրված մի հանդիսատեսի նվիրեցին հիշարժան օրվա մասին պատմող փոքրիկ հուշանվեր։
«Խոշոր շահում» ֆիլմ-համերգն ավարտվեց հայկական քոչարիով: