Լոգոպեդի միջազգային օրվան նվիրված Մանկավարժական համալսարանում անցկացվեց «Խոսք և հաղորդակցում.գիտական և գործնական հորիզոններ» խորագրով գիտաժողով: Այն նախաձեռնել էին ՀՊՄՀ-ն և «Ձայնային Կամուրջ» սոցիալ-կրթական, վերականգնողական հասարակական կազմակերպությունը։
Գիտական ձեռնարկը մի հարկի ներքո էր համախմբել տարբեր կառույցների առաջատար մասնագետների՝ քննարկելու, վերհանելու ոլորտի հիմնախնդիրներն ու նաև կիսվելու իրենց փորձառությամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որ մասնագիտությամբ լոգոպեդ է, գործընկերներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, ապա անդրադարձավ այն հիմնական ուղղություններին, որոնք կրթության քաղաքականության համատեքստում կարևորում են հատկապես լոգոպեդի մասնագիտությունն ու լոգոպեդական ծառայության դերը։
Արաքսիա Սվաջյանը խոսեց կրթական ոլորտում լոգոպեդական ծառայության մասին՝ այն փոխկապակցելով մասնագիտական կրթության դասավանադման մեթոդների հետ։ Ընդգծեց՝ թեև մասնագիտական աչքով բազմաթիվ հաջողություններ և խնդիրներ է կարողանում արձանագրել, բայց ոլորտում կա նաև համակարգված մոտեցման խնդիր, ինչը մասնագիտությանը մեկ այլ դիտանկյունից նայելու կարիք է առաջացնում։
Նա կարևորեց, որ գիտաժողովին ներկա է բուհի պրոֆեսորադասախոսական համակազմը․ միասին պետք է մտածեն՝ ինչպես բուհում կազմակերպել կրթական գործընթացը, որ կարողանան ունենալ անհրաժեշտ կարողություններով, հմտություններով, գիտելիքներով զինված մասնագետներ և ապահովեն բոլոր այն կարիքները, որոնք առկա են ոլորտում․«Ուսումնական հաստատություններում տրամադրվող լոգոպեդական ծառայությունը պետք է տարբերվի մյուս համակարգերից․ կրթական ոլորտում լոգոպեդի գործառույթը երեխայի խոսքի զարգացումն է և նրա միջոցով կրթական գործընթացում առավել մեծ մասնակցությունն ու որակյալ կրթություն ստանալու հնարավորության ապահովումը»,-հավելեց նա։
Արաքսիա Սվաջյանը կարևոր հիմախնդիր համարեց նաև մարզերում լոգոպեդի թափուր հաստիքների առկայությունն ու մասնագիտական կրթության շարունակական զարգացումն ու այդ առումով Մանկավարժական համալսարանի հետ համագործակցելու կարևորությունը։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարծում է, որ միջգիտակարգային և դիսցիպլինար համակարգային մոտեցմամբ կկարողանան ապահովել այն կարևորագույն խնդիրների լուծումները, որոնց միտված են նաև Մանկավարժական համալսարանի մասնագետները։ Նա նկատում է՝ տարեցտարի խորացող խոսքային խնդիրների լուծման համար անհրաժետ է տարբեր մեթոդիկաների ներդրումը, հոգեբանական տեսությունների իմացությունը, հոգեֆիզիլոգիական օրինաչափությունների ապահովումը։
Սրբուհի Գևորգյանը Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը մեր հանրապետությունում եզակի կառույց համարեց՝ ինչպես մասնագիտական հնարավորությունների, այնպես էլ առաքելությամբ և խնդիրների լուծման հսկա սպեկտորով։ Նա կարևորեց, որ կառույցի մասնագետները մշտապես վերապատրաստումներ են անցնում ամերիկյան, եվրոպական, ռուսական լավագույն հաստատություններում, զարգացնելով ինչպես մասնագիտական կարողությունները, այնպես էլ ձեռնամուխ լինելով բուհի ռազմավարական խնդիրների լուծմանը։
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանն էլ հիշեցնելով, որ Մանկավարժականը հանրապետությունում միակ բուհն է, որ արդեն 40 տարի ոլորտի համար պատրաստում է նեղ մասնագետներ, նկատում է, որ այս տարիների ընթացքում իրենց գիտական հետազոտությունների և համագործակցության շնորհիվ կարողացել են լուրջ ներդրում ունենալ մասնագիտական դաշտում և այսօր էլ, նման գիտաժողովների շնորհիվ, հնարավորություն ունեն զարգացնելու լոգեպեդի մասնագիտությունը։
«Ձայնային Կամուրջ» սոցիալ-կրթական, վերականգնողական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՊՄՀ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս Մերի Շաբոյանը հորդորեց ապագա լոգոպեդներին, որտեղ էլ իրականացնելու լինեն մասնագիտական գործառույթները, բարձր պահեն մանկավարժի վեհ կոչումը։
«Խոսք և հաղորդակցում.գիտական և գործնական հորիզոններ» խորագրով գիտաժողովում զեկույցներով հանդես եկան ինչպես Մանկավարժական համալսարանի, այնպես էլ ոլորտում մասնագիտական ծառայություններ մատուցող տարբեր փորձագետ-մասնագետներ։
Բանախոսներն անդրադարձան խոսքի և լեզվի խանգարումներին, հասարակության իրազեկվածությանը աֆազիայի և դրա հաղթահարման ուղիներին, լոգոպեդ-էրգոթերապիստ միջմասնագիտական համագործակցությանը, ՀՀ-ում լսողության խանգարումների վաղ ախտորոշման և աջակցության համակարգին, խոսքի զարգացմանն ու գնահատմանը և այն։