ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Խոսքը շատ թանկ է, բառը՝ էլ ավելի»
14.11.2017
«Խոսքը շատ թանկ է, բառը՝ էլ ավելի»

Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետն այս տարի ևս յուրօրինակ ձեռնարկով նշեց Լոգոպեդի միջազգային օրը:

Մասնագիտական տոնի առթիվ դասախոսական կազմին և ուսանողներին շնորհավորելով ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանույշ Կարապետյանը՝ նկատելով, որ լոգոպեդի մասնագիտությունը աստվածահաճո, մարդակերտ մասնագիտություն է.«Մենք այն մասնագետներն ենք, որ աշխատում են խոսքային խնդիրներով անձանց հետ. խոսքը շատ թանկ է, բառը՝ էլ ավելի: Մարդկությունը թող ապրի առողջ և չունենա մեր մասնագիտության կարիքը, իսկ եթե մեր ծառայության կարիքը լինի, դա պետք է արվի նվիրումով՝ կամ զարգացնելու, կամ հաղթահարելու, կամ շտկելու, կամ ուղղակի ժամանակ կորցնելու. ուրեմն պետք է լինել շատ պատվախնդիր»:

Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի նորանշանակ վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Պետրոսյանը կարևորեց լոգոպեդիայի և այլ մասնագիտությունների միջև եղած կապը՝ նկատելով, որ ուսանողն ուսումնառության հենց սկզբում պետք է իմանա մասնագիտության տեղն ու դերը, այդկերպ գիտակցելով նաև իր ընտրած ուղին և նպատակը:

Միջոցառումը մեկնարկեց 3-րդ կուրսի ուսանողների պատրաստած տեսահոլովակի ցուցադրմամբ, որի ընթացքում ներկայացվեց աշխարհում ամենահումանիստական, պահանջված մասնագիտությունը և Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում հատուկ մանկավարժներ պատրաստող միակ ֆակուլտետի գործունեության առանձնահատկությունները:

Ուսանողները նկատեցին՝ մասնագիտությունը չունի սահմաններ. այն հնարավորություն է տալիս ինքնակրթվելու, զարգացնելու համագործակցային կարողությունները, ստեղծագործական միտքը, լինելու անկոտրում, օժանդակելու մարդկությանը՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը:

Ի՞նչ է լոգոպեդիան և ո՞վ լոգոպեդը. ուսանողները ներկայացրին Երևանում և ՀՀ-ի մի շարք մարզերում կատարած սեփական հետազոտական աշխատանքի արդյունքները՝ուղղված մասնագիտության տարածվածությանն ու ճանաչելիությանը:

Ուսանողական աշխատանքի արդյունքում պարզ դարձավ, որ տեղեկացվածության մակարդակով առաջին տեղում Երևանի բնակիչներն են, մասնագիտության մասին պակաս տեղեկացված են Կոտայքում:

Լոգոպեդի մասնագիտական տոնի առթիվ ներկաներն ունկնդրեցին և ծանոթացան մանկավարժական գործընթացում լայն տարածում ունեցող լոգոհեքիաթին՝ ուսուցման ինտերակտիվ ձևերից մեկին:

Ուսանողուհի Արաքսյա Լոբոդիչը պատմեց ու ցուցադրեց իրենց ստեղծած «Պարծենկոտ մկներն ու խորամանկ կատուն» հեքիաթը՝ ուղղված արտաբերական ապարատի վարժությունների կամ արտաբերական օրգանների մարզմանը՝ միաժամանակ ցուցադրելով արտաբերական վարժություններ:

Ուսանողները հանդես եկան նաև հաշվետվությամբ՝ ներկայացնելով այլ բուհերում, մասնավորապես՝ օրերս Երևանի պետական բժշկական համալսարանում կազմակերպած սեմինար-քննարկման արդյունքները, որի նպատակն էր բարձրացնել մասնագիտության վերաբերյալ իրազեկվածությունն ու հասկանալ այլ գիտությունների հետ կապը:
Մասնագիտական տոնի առթիվ բուհում հյուրընկալվել էր նաև Մանկավարժականի շրջանավարտ, «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանքիների աջակցության հիմնադրամի լոգոպետ լոգոպեդ Լիդա Ջուլիկյանը:

Վերջինս նկատեց՝ վերականգնողական կենտրոնում աշխատող մասնագետի գործունեությունն էապես տարբերվում է կրթական հաստատություններում իրականացվող աշխատանքից:

Լիդան ներկայացրեց կենտրոնի հիմնական կոնտինգենտին, լոգոպեդի գործառույթները, անդրադարձավ առավել հաճախ հանդիպող խոսքային խանգարումներին և նկատեց՝ իր աշխատանքում կարևորը շատ սերն ու կյանքի որակի բարելավումն է:

Լոգոպեդի միջազգային օրվա շրջանակներում Լոգոպեդիայի ամբիոնի Տիգրան Պետրոսյանն ու դասախոս Արմինե Կիրակոսյանը հանդես եկան զեկույցներով՝ ներկայացնելով խոսքային խանգարումների տարծվածության և գրավոր խոսքի խանգարումների վերաբերյալ կատարած հետազոտական աշխատանքների արդյունքները:

Մանկավարժական համալսարանում կազմակերպված ձեռնարկն ամփոփվեց դիդակտիկ նյութերի «Ստեղծագործում են լոգոպեդները» խորագրով ցուցադրությամբ, որտեղ ներկայացված էին ուսանողների ձեռագործ խաղերը: