ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խստացվել է հակահամաճարակային կանոնների պահպանումը
25.08.2021
Խստացվել է հակահամաճարակային կանոնների պահպանումը

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ կրթական հաստատություններում խստացվել է հակահամաճարակային կանոնների պահպանումը:

Ջերմաչափում, սոցիալական հեռավության պահպանում, դիմակների պարտադիր առկայություն և այլն. հակահամաճարակային այս և այլ պայմանների պահպանմամբ Մանկավարժական համալսարանում կմեկնարկի նոր ուսումնական տարին: Բոլոր հանձնարարականներն արդեն տրված են, համալսարանը պատրաստվում է ուսումնական տարվա մեկնարկին։

Բուհի բոլոր մասնաշենքերում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ. ախտահանվում են լսարանները, մասնաշենքերը հագեցվում են ախտահանիչ պարագաներով:

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը aspu.am-ի հետ զրույցում չբացառեց, որ առկա ձևաչափին զուգահեռ լինի նաև հեռավար ուսուցում.«Համավարակի թվերի աճով պայմանավորված, եթե չստացվի 50 հոգանոց հոսքային մեծ խմբերում ապահովել սոցիալական հեռավորություն, ապա դասապրոցեսը կանցկացվի հեռավար»,-նշեց պրոռեկտորն ու նկատեց ՝ ուսանողների շրջանում շատ են չպատվաստվածները:

Նա նաև հորդորեց խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները և պարտադիր դասի ներկայանալ դիմակով: