Մանկավարժական համալսարանում կայացավ աշխատաժողով, որին մասնակցում էին հայաստանյան բուհական և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողներ, մասնագետներ։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ անցկացված հանդիպման նպատակն էր ներկայացնել, փոխանակվել իրականացված կամ իրականցվելիք միջազգային նախագծերի, ծրագրերի կազմակերպման փորձառությամբ, խոչընդոտները հարթելու փորձով, կարևորությամբ և արդյունքներով։
Գրասենյակի համակարգող Լանա Կառլովան կարևորեց մասնակիցների ներգրավվածությունը քննարկմանը, ընդգծեց հարց ու պատասխանի անհրաժեշտությունը՝ միմյանցից սովորելու, կիրառած մեխանիզմներն ու միջազգային փորձը յուրացնելու տեսանկյունից։
Լանա Կառլովան նկատում է՝ հաճախ նույն ծրագիրն իրականացվում է տարբեր գործողություններով․ մի համալսարան հաջողում է, մյուսում արդյուքներն այդքան էլ տեսանելի չեն։
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց բուհի համակարգմամբ իրականացված ERASMUS+ BOOST-ը/ Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագիրը, նպատակը, խնդիրները, թույլ և ուժեղ կողմերը։
Մարիաննա Հարությունյանը ծրագիրը հաջողված է համարում․ պլանավորած գործողություններից բացի, կիրառել են այլ գործիքներ, գրանցել առավել շոշափելի արդյունքներ՝ ներառելով նաև մեծ թվով շահառուներ։
ՀՊՄՀ պրոռեկտորը ծրագիրը կարևորեց միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ, Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով գործիքակազմ ստեղծելու, հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման, միջազգային բաժինների ռեսուրսները հարստացնելու, մարքեթինգային ծրագրերի և գործիքների մշակման և այլ տեսանկյուններից։
Մարիաննա Հարությունյանն այսօր էլ միջազգայնացման գործընթացում կարևորում է ազգային դիրքորոշումը, իսկ BOOST-ը համարում հայաստանյան և եվրոպական կրթական հաստատությունների կողմից համատեղ իրականացված հաջողված ծրագիր, որի կողմից մշակված մի շարք գործիքներ կիրառվում են բուհում։
Աշխատաժողովին ծրագրերի իրագործման իրենց փորձառությունը ներկայացրին նաև այլ բուհերի ներկայացուցիչներ․միջազգային ծրագրերի համակարգողների միջև ծավալվեց շահագրգիռ քննարկում, հարց ու պատասխան։