ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված բուհերում գրաբարի դասավանդման արդի խնդիրներին
30.03.2021
Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված բուհերում գրաբարի դասավանդման արդի խնդիրներին

ՀՊՄՀ Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիան կազմակերպել էր առցանց ձևաչափով կլոր սեղան-քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին Խ.Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի, Արցախի, Երևանի, Շիրակի, Գորիսի պետական համալսարանների մասնագետները, ինչպես նաև մասնագետներ ԱՄՆ-ից և Հոլանդիայից։

Կլոր-սեղանի քննարկմանն էին առաջադրվել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են բուհերում գրաբարի դասավանդման արդի խնդիրներին. գրաբարի դասագրքերի գործնականությանը, դասագրքերում տեսական և գործնական բաժինների համամասնությանը, գործնական մասի առաջադրանքների դերին՝ գրաբարի բնագրերի ընկալման հարցում, գրաբար լեզվամտածողության ձևավորման խնդիրներին, դասագրքերին ներկայացվող արդի պահանջներին, գրաբարի նոր դասագրքեր ստեղծելու անհրաժեշտությանը և այլն։

Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի վարիչ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանն ընդգծեց, որ գրաբարի իմացությունը ոչ միայն հին հայերենի քերականական համակարգի յուրացում է, այլև գործնական աշխատանքի բանալի և մշակութային իմացության գործիք։ Ըստ այդմ՝ դասավանդման ընթացքում հարց է առաջանում. ինչպե՞ս հասնել ցանկալի արդյունքի, որ ուսանողները կարողանան ձեռք բերած գիտելիքները կյանքում կիրառել։

Հոլանդիայի Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Հրաչ Մարտիրոսյանը գրաբարի ուսուցման ընթացքում կարևորեց լեզվի ոչ միայն համաժամանակյա, այլև տարժամանակյա դիտվածքի հետազոտությունը, լեզվական իրողությունների մատուցման հարցում կարևոր համարեց քերականական գծապատկերների գործածությունը։ Հրաչ Մարտիրոսյանն ընդգծեց արտասահմանյան հայագիտական կենտրոնների հետ կապ ստեղծելու անհրաժեշտությունը՝ փոխհամագործակցության հեռանկարով։

Բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Խաչատրյանը (ԱՄՆ, Լոս-Անջելես) խոսեց Սփյուռքում գրաբարի դասավանդման դժվարությունների մասին, մանավանդ տարամակարդակ լսարաններում։ Իբրև Հայաստանում ուսանած մասնագետ՝ նա դժգոհություն հայտնեց գործող դասագրքերից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկա դասագրքերը չունեն համապատասխան քարտեզներ՝ բնագրերում հանդիպող տեղանուններն աշխարհագրորեն տեղորոշելու համար. մանավանդ այդ տեղանունները պատմական Հայքի զանազան վայրերի անվանումներ են, իսկ Սփյուռքի (ո՛չ միայն) ուսանողներն առավել քան կարիք են զգում դրանց շուրջ տեղեկություններ քաղելու։

Արցախի պետական համալսարանի դոցենտներ Օֆելյա Բաբայանը, Լուսինե Մարգարյանը և Շողեր Մինասյանը առաջարկեցին քերականական իրողություններն ուսուցանել պարզից բարդն ընթացող՝ բառակապակցություն-նախադասություն փոխակերպումների մեթոդական ուղիով, ինչպես նաև կազմել այնպիսի օժանդակ ձեռնարկներ, որոնց վերջում տրված լինեն վարժությունների լուծումները. այդպիսով ուսանողները կարող են զբաղվել ինքնաստուգմամբ։

ԵՊՀ դոցենտներ Սուսաննա Գրիգորյանն ու Նաիրա Պարոնյանը, որոնք դասավանդում են նաև Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, գրաբարի արդյունավետ ուսուցման բանալին տեսնում են բնագրային հատվածների հակադարձ՝ աշխարհաբարից գրաբար թարգմանության մեջ։ Դասավանդման ընթացքում անհրաժեշտ է աշխարհաբարի մտածողությունից գնալ գրաբար լեզվամտածողության, որպեսզի վերջնարդյունքում ձևակերպվեն գրաբար նախադասություններ, որոնց կառուցվածքային պլանի վերլուծությունը կարող է բացահայտել դրանց բովանդակային պլանի էությունը, հետևաբար՝ նաև գրաբար լեզվամտածողությունը։

Շիրակի պետական համալսարանի մասնագետներ պրոֆեսոր Սերգո Հայրապետյանը և դոցենտ Արմենուհի Ավագյանը կարևոր համարեցին գրաբարի դասավանդման ընթացքում հասնել գրաբարի լեզվամտածողության ձևավորմանը և որպես խնդրի լուծման բանալի՝ առաջարկեցին համեմատության մեջ մատուցել գրաբարի և աշխարհաբարի նախադասությունների կառուցատիպերը. ըստ այդմ՝ անհրաժեշտ է կազմել այնպիսի ձեռնարկներ, որոնք զուգահեռաբար ներկայացնեն գրաբարի և աշխարհաբարի լեզվական իրողությունները։

Գորիսի պետական համալսարանի դոցենտ Սվետլանա Մանուչարյանը հրատապ է համարում էլեկտրոնային դասագրքերի կազմումը, որոնք կարող են հասանելի լինել ցանկացած ուսանողի և ծառայել իբրև յուրատաուկ ինքնուսույցներ։

Կլոր սեղան-քննարկման ավարտին որոշվեց կազմել ծրագրաստեղծ մասնագիտական հանձնախումբ պրոֆեսորներ Լ. Խաչատրյանի, Հր.Մարտիրոսյանի և Ս.Հայրապետյանի մասնակցությամբ, որ կքննարկի մասնագետների կարծիքները, հաշվի կառնի նրանց առաջարկություններն ու դիտարկումները, դրանց հիման վրա կկազմի գրաբարի ուսուցման նոր ծրագիր և այն քննարկման կներկայացնի հաջորդ հանդիպմանը՝ հունիսի վերջերին՝ կլոր սեղանի ձևաչափով։