ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կնպաստի հայ-հունգարական կապերի ամրապնդմանը
15.03.2024
Կնպաստի հայ-հունգարական կապերի ամրապնդմանը

«Մարտի 15-ը Հունգարիայի ազգային տոնն է, խորհրդանշական օր, որը կարևոր է ոչ միայն այդ երկրի համար: Այն մեկ անգամ ևս ընդգծում է հայ-հունգարական դարավոր կապերը․1848-49 թվականների հեղափոխությանն ու ազատագրական պայքարին իր մասնակցությունն ու կարևոր դերակատարումն է ունեցել նաև հայկական համայնքը, պետական և ռազմական երևելի գործիչներ»,- այսօր ուսանողական գիտական ձեռնարկին նշեց Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը։

Հունգար ժողովրդի համար ամենակարևոր ազգային տոնին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր «Հայաստան-Հունգարիա» ընկերության հետ համատեղ․ ներկա էին ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը, հունգարացի հյուրեր, դասախոսներ, ուսանողներ։

Էդգար Հովհաննիսյանն անդրադարձավ հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների խզմանը, ապա նաև վերականգնմանը, նշելով, որ այդ գործընթացում իր կարևոր դերակատարումն է ունեցել նաև Մանկավարժական համալսարանը։

Պատմաբանը հույս հայտնեց, որ ուսանողների զեկույցները կհանրահռչակեն պատմական կարևոր անցքերը, հունգարական ազգային-ազատագրական պայքարում հունգարահայերի ցուցաբերած մասնակցությունը, հայ համայնքի գործունեությունը, որոնց շնորհիվ կարժևորվեն հայ-հունգարական հարաբերութունները։

Օրը կարևորելու, այն միասին նշելու գաղափարը ողջունեց ձեռնարկին առցանց միացած Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, ՀՊՄՀ պատվավոր դոկտոր Բալինտ Կովաչը։

Նա խոսեց հունգարական հեղափոխության պայքարում Տրանսիլվանիայի հայերի մասնակցության, հայկական համայնքի և հունգարացիների՝ ազատության համար մղված համատեղ պայքարի մասին։ Դոկտոր Կովաչը հայ ժողովրդին շնորհակալություն հայտնեց պատմության այդ դժվարին ժամանակներում հունգարացիների կողքին լինելու համար և երկու երկրներներին մաղթեց խաղաղություն։

Հայ-հունգարական բարեկամության ակունքներում դեռ ուսանողական տարիներից կանգնած Անահիտ Սիմոնյանն այսօր էլ շարունակում է կարևոր ավանդ ունենալ այդ հարաբերությունների զարգացման գործում։
Նա վստահեցրեց՝ կառույցի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հունգարական պատմությամբ, մշակույթով։

Անահիտ Սիմոնյանը կարծում է, որ 12 տարվա դադարից հետո հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը միայն քաղաքական բարի կամքի դրսևորում չէ․ Հունգարիան կարևոր կամուրջ կարող է հանդիսանալ դեպի եվրոպական քաղաքակրթություն և արժեքներ։

Հայ-հունգարական կապերին անդրադարձավ մագիստրոս Խաչիկ Խամիսյանը՝ ընդգծելով՝ հունգարահայերի պատմության ուսումնասիրությունն ամբողջացնում է ազգային ճանաչողությունը, հարստացնում երկու ժողովուրդների պատմական հարաբերությունների առաջադիմական ավանդույթները։

Նա կարևորեց այն, որ երկու երկրների հարաբերությունների խզումը չխանգարեց կրթական գործին, այլ տարիների ընթացքում հանգեցրեց հարաբերությունների վերականգնման։

Խաչիկ Խամիսյանն անդրադարձավ ՀՊՄՀ-ի և Պիտեր Պազմանի համալսարանի արդյունավետ համագործակցությանը, իրականացված փոխայցելություններին և գործընկերության շրջանակներում ներառված ծրագրերին։

Մագիստրոս Լաուրա Բազյանն էլ իր զեկույցում անդրադարձավ Տրանսիլվանիայում հայերի ներգաղթին, հունգարահայ սպաների մասնակցությանը՝ 1848-1849 թվականների հեղափոխական պայքարին։