ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կնքվեց համագործակցության նոր հուշագիր․․․
12.03.2024
Կնքվեց համագործակցության նոր հուշագիր․․․

Այսօր ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր։

Կողմերը, կարևորելով համատեղ լրացուցիչ կրթական և գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի իրականացման անհրաժեշտությունը, գիտակցելով կրթության, գիտության և մշակույթի հիմնախնդիրների զարգացման անհրաժեշտությունը, կզարգացնեն փոխշահավետ հարաբերություններ՝ ծավալելով գործունեություն մի շարք ոլորտներում։

Այդ թվում՝ կստեղծվեն ուսումնական և ուսումնամեթոդական լաբորատորիաններ, կիրականացվի «Պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման, հանրահռչակման և զարգացման» գիտակրթական ծրագրերով ուսանողների մասնագիտական վերապատրաստում, կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ։

Բացի այդ, հուշագրով նախատեսվում է մասնակցություն արգելոց-թանգարանների պատմամշակութային ժառագության օբյեկտների գիտակրթական հետազոտություններին, Հայաստանի պատմամշակութային արժեքների որոնման, թանգարանային առարկաների, հավաքածուների գործընթացներին, հավաքածուների հաշվառման և դրանց էլեկտրոնային տվյալների շտեմարանի ստեղծման աշխատանքներին։

Հուշագրի համաձայն՝ համատեղ կկազմակերպվեն պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված հանրապետական և միջազգային գիտաժողովներ, գիտակրթական սեմինարներ, կլոր սեղաններ և խորհրդակցություններ, իսկ որոշ կրթական ծրագրերի դեպքում ՀՊՄՀ-ն հաջողությամբ ավարտած ուսանողները կհամալրեն կազմակերպության աշխատակիցների շարքերը։

Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ ինչպես մյուս փաստաթղթերի դեպքում, այս անգամ ևս, առկա դրույթները կյանքի կկոչվեն։ Նա հավաստիացրեց՝ բուհում ընթացող բոլոր գործընթացները միտված են հետազոտական, մեթոդական, ուսումնագիտական գործընթացների բարելավմանն ու զարգացմանը, ինչպես նաև 21-րդ դարի ուսուցչին ներկայացվող հիմնարար հմտությունների համադրելիությանը․ «Մենք կարևորում ենք կրթությունը ոչ միայն ծրագրային ուսուցման, այլև արժեբանության ձևավորման տեսանկյունից։ Մանկավարժականն ունի մասնագիտությունների հարուստ շարք․ հաշվի առնելով մանկավարժության բարդ ոլորտն ու ծառացած մարտահրավերները՝ անհրաժեշտ ենք համարում ուսանողների մասնակցությունը, ինչպես լսարանային, այնպես էլ արտալսարանային աշխատանքներին, որոնք կարևոր «դաս» կլինեն նրանց համար»։

ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, որ նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  գիտքարտուղարն է, կարևորեց երկու հաստատությունների միջև պաշտոնական գործընկերությունն ու վստահեցրեց՝ առաջիկայում կարևոր նախաձեռնություններ և լուրջ աշխատանք է սպասվում։