Այսօր ՀՊՄՀ-ի և ՀՊՄՀ Արհեստակցական կազմակերպության միջև կնքվեց Կոլեկտիվ պայմանագիր։ Պայմանագիրը կնքեցին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու Արհկոմի նախագահ Էդիկ Գուլյանը։
Վերջինս, որպես աշխատողների շահերի ներկայացուցիչ, ողջունեց բուհի ղեկավարության աշխատողակենտրոն քաղաքականությունն ու աշխատող-գործատու հարաբերություններում կարևորեց պայմանագրի կնքումը։
Էդիկ Գուլյանը ռեկտորատի անդամաներին վստահեցրեց՝ նոր պայմանագրի գործընթացի ստեղծմանը մասնակցել են Արհեստակցական կազմակերպության անդամներն ու գործատուի ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովը․«Համերաշխ ու գործընկերային մթնոլորտում ձևավորված պայմանագրի շնորհիվ գործատու-աշխատող փոխհարաբերությունները կթևակոխեն նոր փուլ։ Պայմանագրում, աշխատանքային պայմանագրից և օրենքներից զատ, լրացվել են մի շարք կետեր․օգտագործելով բուհի հնարավորությունները՝ այն լուրջ ձեռքբերում կլինի աշխատակիցների համար»,-նշեց Էդիկ Գուլյանն ու հավաստիացրեց՝ Կոլեկտիվ նոր պայմանագիրը հավանության է արժանացել նաև արհմիության ընդլայնված ժողովում, և ՀՀ-ում պայմանագրի լավագույն օրինակներից է։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը համատեղ խնդիր համարեց այն, որ բուհի յուրաքանչյուր աշխատակից լինի Արհկոմի հոգածության ներքո, իսկ պայմանագիրը նպաստի վերջիններիս բարօրությանը։