ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կոչ քաղաքական ուժերին և լրատվամիջոցներին
16.05.2024
Կոչ քաղաքական ուժերին և լրատվամիջոցներին

Վերջին օրերին, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, քաղաքական ճամբարի տարբեր կողմերում հավաքված ուժերը փորձում են բուհերը, ուսանողներին ներքաշել քաղաքական զարգացումների մեջ։ Որքան էլ այդ ուժերի համար ընդունելի է «նպատակին հասնելու համար բոլոր միջոցները լավն են» տրամաբանությունը, հորդորում ենք հեռու մնալ առնվազն Մանկավարժական համալսարանից։

Օրերս, «Հայելի» ակումբում ադրբեջանագետ Արմինե Ահարոնի Ադիբեկյանը, որակումներով է հանդես եկել մեկդարյա բուհի, մանկավարժներ կրթող հաստատության հասցեին և մեղադրել քաղաքական չեզոքության մեջ։

Հարգելի տիկինին տեղեկացնենք, որ Մանկավարժական համալսարանն, իր հարյուրամյա փորձով, ունի այնքան խոհեմություն և քաղաքական հասունություն, որ երբեք չի արգելել ո՛չ դասախոսական կազմին, ո՛չ ուսանողներին, լսել իրենց ներքին ձայնն ու առաջնորդվել սեփական խղճով։

Մանկավարժական համալսարանում մարդիկ ազատ են իրենց քաղաքական հայացքներն արտահայտելու գործում, բայցև քաջ գիտակցում են իրենց առաքելությունը․քաղաքական ձգտումները կյանքի են կոչում, հիմնականում, օրենքով  վերապահված լիազորություններն իրացնելուց հետո։

Մանկավարժական համալսարանի համերաշխ կոլեկտիվում՝ և՛ դասախոսական, և՛ ուսանողական համակազմում, կան բոլոր տեսակի քաղաքական հայացքների հարող մարդիկ․ նրանց միավորում է իրենց կրթելու սրբազան առաքելությունը։

Իսկ այն հակաքարոզչությունը, որ իրականացրեց տիկին Ադիբեկյանը, պարսավելի է։ Ընդունելության շեմին նման բացահայտ հակաքարոզչություն իրականացնելու, 100-ամյա բուհի պատիվն ու շրջանավարտների, աշխատակիցների համբավն արատավորելու փորձը դատական ատյաններում վիճարկելու խնդիր է։ Պարզապես, այս պահին Մանկավարժական համալսարանը ձեռնպահ կմնա կրքերը թեժացնելուց, բայցև կհորդորի՝ չշոշափել Մանկավարժական համալսարանի անունը։

Նման վարքագծով չե՛ք ավելացնում ձեր շարժման համակիրների թիվը, եթե չասենք հակառակը, և դժվար թե Սրբազան Հայրը կիսեր ձեր կարծիքն ու ողջուներ ձեր պահվածքը։

Եվս մի բան, Մանկավարժական համալսարանում այսօր կրթություն է ստանում Արցախից տեղահանված մեր հայրենակիցների բավականաչափ ստվար զանգված, որոնց մանկավարժականն ընդունել է գրկաբաց։ Եվ այսօր դուք՝ ձեր անզուսպ պահվածքով, վիրավորում եք նաև առանց այն էլ ապրօինի տեղահանումից հետո հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող մեր արցախցի ուսանողներին։

Եվ ընդհանրապես, գաղտնիք չէ, որ Մանկավարժական համալսարանի ուսանողների մի զգալի մասը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մարզերը, և մենք միայն հպարտ ենք, որ մեր կրթած ուսանողները վերադառնում են իրենց համայնքներ և դպրոցներում սովորեցնելով սովորել, ուղիղ իմաստով իրականացնում են սահմանապահ առաքելություն՝ կրթելով տեղի բնակիչներին և կանխելով մարզերից դեպի մայրաքաղաք հոսքը։

Իսկ Մանկավարժական համալսարանի որակի մասին մենք կխոսենք փաստերով՝ վկայակոչելով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ամիսներ տևած ուսումնասիրությունների արդյունքը, որոնց, ի դեպ, մասնակցում էին նաև միջազգային փորձագետներ․ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով։ ՈԱԱԿ-ի շնորհված հավատարմագրումները միջազգայնորեն ճանաչելի են։

Կարծում ենք, որ Արմինե Ահարոնի Ադիբեկյանը պարտավոր է ներողություն խնդրել մեր ուսանողներից, դասախոսներից և վարչական աշխատողներից՝ իրենց լավագույն շահը ոտնահարելու, վիրավորելու և անվանարկելու համար։

 


ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոն