ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Կոսովոն սերբական Արարատն է»
11.05.2017
«Կոսովոն սերբական Արարատն է»

Բանասիրական ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս, գրող Բաբկեն Սիմոնյանին:

Ուսանողների և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում նա կիսվեց հայ և սերբ ժողովուրդների մասին իր մտորումներով, ներկայացրեց երկու ժողովուրդների դարավոր հարաբերությունները:

Խոսելով Սերբիայում դեռ 13-րդ դարում ձևավորված հայկական գաղթօջախի, հայ և սերբ ժողովուրդների նմանությունների մասին՝ Բաբկեն Սիմոնյանը ափսոսանքով նկատեց, որ երկուսն էլ տառապել են նույն թշնամուց. «Ես հանդիպումներում հաճախ եմ ասում՝ Կոսովոն սերբական Արարատն է»:

Հյուպատոսը խոսեց նաև տարբեր բնագավառներում հայ և սերբ ժողովուրդների համագործակցության մասին և ընդգծեց, որ ամենամեծ շեշտը դրվում է մշակույթների վրա՝ որպես երկիրը ներկայացնող կարևորագույն միջոց:

«Օրերս մի սերբ երիտասարդ իրավաբան ինձ նամակ էր ուղարկել, որում ասում էր, թե մենք բոլոր իրավունքներն ունենք Արևմտյան Հայաստանը, Նախիջևանն ու Արցախը ազատագրելու. պարզապես պետք է աշխարհին ապացուցել, որ դրանք մենք կորցրել ենք, ոչ թե վերցրել»,-նշեց Բաբկեն Սիմոնյանն ու ներկաներին հորդորեց այնպես անել, որ պայքարը ճիշտ ընկալվի. աշխարհը պարտավոր է հասկանալ:

Ֆակուլտետի ընթերցասրահում ուսանողների և դասախոսների հետ հանդիպումը հաճախ ընդմիջվում էր սերբական հայրենասիրական երգերով՝ ևս մեկ անգամ հայ լսարանին ապացուցելու, որ նույնիսկ երգերում զգացվում է երկու ժողովուրդների նմանությունը: