ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթական բացառիկ հնարավորություն՝ Կաթոլիկ համալսարանում
10.07.2017
Կրթական բացառիկ հնարավորություն՝ Կաթոլիկ համալսարանում

Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 5 ուսանող և 1 ասպիրանտ փետրվարի 20-ից հուլիսի 4-ը Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում էին:

Վերջիններս փոխանակման ծրագրով Հումանիտար գիտությունների ֆակուլտետում հնարավորություն ունեցան մեկ կիսամյակ զարգացնել մասնագիտական հմտություններն ու ընդլայնել կրթական հնարավորությունները:

Վերլուծական մտածողության ձևավորման, ինքնուրույն հետազոտական աշխատանք ծավալելու, դասախոսների հետ պարզ, անմիջական շփումներ հաստատելու, առարկայացանկն ինքնուրույն կազմավորելու վերաբերյալ Հունգարիայից ժամանած ուսանողները խոսում են հիացմունքով՝ ցանկություն հայտնելով մեզանում ևս տեղայնացնելու և տարածելու այդ մշակույթը:

Ուսանողական հանրակացարանի մասին մագիստրոս Սաթիկ Ղուկասյանը շատ էր լսել. ծրագրի շնորհիվ սեփական փորձով հնարավորություն ունեցավ նաև զգալ ու ապրել հասակակիցների հետ մի հարկի տակ, համալսարանի պատերից դուրս շարունակել ուսումնական պրոցեսը. «Բազմալեզվության պայմաններում ֆիլմերի ցուցադրություններ, օտարերկրացիների հետ շփումներ, համատեղ քննարկումներ՝ամենատարբեր թեմաներով»:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսը aspu.am-ի հետ զրույցում նկատեց՝ թեպետ բուհում օտար լեզուների ուսուցումը վերջին տարիներին նոր ընթացք է ստացել, սակայն առավել արդյունավետ կլիներ միաժամանակ մի քանիսի ուսուցումը՝ լեզվական անջրպետը առավելագույնս հաղթահարելու համար:

Արևիկ Հակոբյանի համար Հունգարիայում հայտնվելն ու Կաթոլիկ համալսարանում ամիսներ շարունակ սովորելը երազանք էր. մասնակցության հայտը լրացնելուց և հարցազրույցը հաղթահարելուց հետո էլ երկար ժամանակ չէր հավատում իրեն ընձեռված հնարավորությանը:

Փոքր խմբերով ուսուցումը, սեփական հետազոտություն կատարելու հնարավորությունն ու դասախոսների հետ ինտերակտիվ աշխատանքը համարում է հունգարական կրթական համակարգի լավագույն ձեռքբերումներից:

ՀՊՄՀ-ի ուսանողն ուրախությամբ է նկատում՝ ՀՊՄՀ-ում ներդրված Google classroom համակարգն օգնեց հաղթահարել հունգարական կրթական ոլորտի նորարարությունները:

Բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Գայանե Վարդանյանի համար ծրագիրն աննախադեպ էր. Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում հատկապես գրավել է ուսանողին ազատ ինքնարտահայտվելու հնարավորություն ընձեռելը:

Վստահ է՝ հայագիտության ոլորտում իր և ընկերների ձեռքբերումները կլինեն շարունակական. այդ է վկայում նաև հյուրընկալող երկրի ուսանողների հետաքրքրվածությունը Հայաստանի բազմադարյա մշակույթի, ինչպես նաև հայկական ավանդական խոհանոցի հանդեպ:

Նշենք, որ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանում մեկ կիսամյակ ուսումնառությունն էր անցնում Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի 5 ուսանող, իսկ ՀՊՄՀ-ից ծրագրին մասնակցում էր 6-ը՝ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Արփինե Առաքելյանը, Սաթիկ Ղուկասյանը, Գայանե Վարդանյանը, Արևիկ Հակոբյանը, Քրիստինե Գևորգյանն ու Վաչագան Գրիգորյանը: