ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթական առաքելություն Բեյրութում
30.01.2017
Կրթական առաքելություն Բեյրութում

ՀՊՄՀ-ի Հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը հունվարի 7-21-ը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.-ի հրավերով Բեյրութում (Լիբանան) էր:

Նա այդ օրերին սփյուռքահայ գրականություն, մասնավորապես՝ պոլսահայ հեղինակներ (Պետրոս Դուրյան, Լեւոն Շանթ, Վահան Թեքեյան, Զահրատ, Զարեհ Խրախունի, Զավեն Պիպեռյան, Ռոպեր Հատտեճյան) է դասավանդել Անթիլիասում կազմակերպված հայագիտական դասընթացներին, որի պատասխանատուն ճանաչված բանասեր եւ գիտնական, Դպրեվանքի հայ գրականության դասախոս Ժիրայր Դանիելյանն է:

Այդ օրերին Սուրեն Դանիելյանն այցելել եւ դասախոսություններով հանդես է եկել նաև Բիքֆայայի Դպրեվանքի սաների եւ ուսուցչական կազմի համար, եղել է Ջիբեյլի «Թռչնոց բույն» հայտնի որբանոցում:

Նույն օրը բեյրութահայ մտավորականության համար «Սփյուռք» Գիտաուսումնական կենտրոնը եւ արեւմտահայ գրամշակութային հիմնախնդիրները» թեմայով բանախոսություն է ունեցել «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում, ապա պաշտոնական այցերով եղել «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» թերթերի խմբագրություններում:

Հունվարի 20-ին Սուրեն Դանիելյանը պոլսահայ գրական հսկաներ Զարեհ Խրախունու եւ Ռոպեր Հատտեճյանի ստեղծագործական արժեքներն է ներկայացրել ՀԲԸՄ «Էհրամճյան» կենտրոնում (ղեկավար՝ «Խոսնակ» հանդեսի խմբագիր Համբիկ Մարտիրոսյան):

Պրոֆեսորն այցերի ընթացքում ուսուցիչներին և ուսանողներին հրավիրել է սովորել ՀՊՄՀ-ի բակալավրիատում եւ մագիստրատուրայում՝ վստահեցնելով, որ այստեղ նրանք հնարավորություն կունենան ամբողջացնելու իրենց հայագիտական գիտելիքերը:


Սուրեն Դանիելյանին ընդունել եւ արեւմտահայ կրթության ճակատագրի ու մեր համալսարանի հետ համագործակցության հեռանկարների մասին զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը: