ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթաթոշակներ՝ ապագա մանկավարժներին
11.04.2018
Կրթաթոշակներ՝ ապագա մանկավարժներին

Մանկավարժական համալսարանում էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ հավաստագրեր հանձնելու կրթաթոշակների արժանացած 16 ուսանողների:

Հեսսենի հողը 2017-2018 ուսումնական տարվա համար սահմանել է կրթաթոշակ (SUR-PLACE)՝ յուրաքանչյուր շահառուին մինչև 800 եվրոյին համարժեք միանվագ վճարումով, որի հիմնական նպատակն է աջակցել սոցիալապես անապահով ուսանողներին:

Ծրագրի հիմքում եղել են ուսանողների առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը, իսկ ընտրությունը կատարվել է օտար լեզուների ֆակուլտետում՝ հաշվի առնելով մրցույթին մասնակցելու մի շարք առանձնահատկություններ՝ հատկապես գերմաներենի՝ մասնագիտական կամ ոչ մասնագիտական մակարդակներում ուսումնասիրելը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհակալության հայտնեց բուհում կրկին հյուրընկալվելու համար և ընդգծեց, որ լուրջ ուշադրություն է հատկացվում գերմաներենի՝ որպես առաջին օտար լեզվի որակյալ ուսուցմանը:

Ռեկտորը վստահեցրեց, որ գերմաներեն դասավանդում է որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ, իսկ ուսանողների զգալի մասը ՀՀ մարզերից է, որտեղ էլ հիմանակում պահպանվել է գերմաները որպես օտար լեզու դասավանդելը. «Մի շարք մասնագիտությունների ուղղությամբ Մանկավարժական համալսարանը մենաշնորհ ունի՝ հատկապես հատուկ մանկավարժության, ինչը Գերմանայի Դաշնային Հանրապետության համար ևս մեծ հետաքրքություն է ներկայացնում»,-նշեց Ռուբեն Միրզախանյանը:

Ռեկտորն անդրադարձավ նաև Մանկավարժականի միջազգային համագործակցությանը և հույս հայտնեց, որ Մաթիաս Քիսլերը, որպես երկրի և բուհի բարեկամ, կնպաստի հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանն ու կրթական ոլորտում համագործակցությանը:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհավորեց կրթաթոշակակիրներին և հավելեց, որ սիրով է այցելում Մանկավարժական համալսարան:

«Իմ գործունեության մեջ մշտապես բարձր եմ դասել հայ-գերմանական կրթական հարաբերությունները, քանի որ մեր երկրի համար ևս շատ կարևոր է կրթության ոլորտում ընդլայնված համագործակցությունը»,-նշեց դեսպանն ու ներկայացրեց համագործակցության մի քանի հաջողված փորձ:

Մաթիաս Քիսլերն իրեն համարում է մեր երկրի ու բուհի բարեկամ և հավելում, որ հայաստանյան եռամյա աշխատանքի փորձն ապացուցել է՝ Հայաստանը գիտակրթական մեծ ներուժ ունի. «Իմ պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները բարձր մակարդակի են հասել հատկապես կրթության և գիտության ոլորտում»,-ասաց դեսպանն ու ուրախությամբ նկատեց, որ գերմաներեն դասավանդող դպրոցներում գերմանացի կրթության փորձագետները բարձր են գնահատել ուսուցիչների պատրաստվածությունը և փաստել, որ գերմաներենի դասավանդումը բարձր մակարդակի վրա է. դպրոցներում օտար լեզվի դասավանդումը ուղիղ համեմատական է այն դասավանդողների որակին:

Մաթիաս Քիսլերը շնորհավորեց ուսանողներին և ուրախությամբ նկատեց, որ մեծ թվով ուսանողներ կարողացան հաղթահարել մրցույթի բավական խիստ պահանջները՝ լավագույններին ընտրելու նպատակով: