ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթությունը հայ ժողովրդի ապավենն է
01.09.2018
Կրթությունը հայ ժողովրդի ապավենն է

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում Գիտելիքի և դպրության օրն է. ՀՀ ուսումնական հաստատություններում մեկնարկեց նոր ուսումնական տարին։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս գիտելիքի առաջին օրը մեծ շուքով նշվեց ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում: Նոր ուսումնական տարին ազդարարող առաջին զանգը հիշարժան դարձավ բոլորի համար՝ և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների, և՛ ծնողների: Ծաղիկները, փուչիկները, ուրախ տրամադրությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցում ապահովված էր: Դպրոցն այս տարի իր հարկի տակ ընդունեց 70 աշակերտ՝ 2 դասարանով:

Աշակերտներին ջերմ ողջույնի խոսքով դիմավորեց դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը: Շնորհավորելով գիտելիքի այս կարևոր օրվա առթիվ՝ տնօրենը նկատեց, կրթությունը բոլոր ժամանակներում էլ եղել է ամենաառաջնայինը: ՙՄիշտ կարևորել ենք կրթության դերը, այն եղել է բոլոր ժամանակներում հայ ժողովրդի ապավենը: Մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում կրթական հաստատությունները միշտ գործել են և համախմբել են հայ ժողովրդին: Շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ օրվա աթռիվ՝ մասնավորապես առաջին դասարանցիներին: Ուրախ ենք ձեզ ընդունել մեր մեծ ընտանիք, բարին ընդ ձեզ՚,- ասաց Նաիրա Տողանյանը: Վերջինը նկատեց նաև, որ ծնողի համար ամենակարևորը երեխան է և շնորհակալություն հայտնեց՝ նրանց դաստիարակման և կրթման գործընթացը իրենց վստահելու համար:

Առաջին դասարնցիներին շնորհավորեց և իրենց այբենարանները հանձնեց ԿԱԻ ներկայացուցիչ, պատմաբան Առաքել Գյուլբուդաղյանը: Վերջինը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ բոլորին մաղթեց հույսերով լի ուսումնական տարի: Դիմելով առաջին դասարանցիներին՝ Առաքել Գյուլբուդաղյանն ասաց. ՙԱյս պահից սկսած երկար ժամանակ դուք միասին, մեկ հարկի տակ սովորելու եք, ապրելու եք և ուրախանաք, նոր ընկերներ ձեռք բերեք, ովքեր հետագայում դառնալու են ձեր կյանքի բարեկամները: Ամեն առավոտ, երբ ոտք կդնեք դպրոց՝ հիշեք, որ եկել եք մի նոր ու հետաքրքիր բան սովորելու: Երբեք չհուսահատվեք, եթե որևէ բան չստացվի սկզբից, համբերատար եղեք և դուք ամեն բանի կհասնեք՚:

Դպրոցում տիրող սեպտեմբերյան ուրախ մթնոլորտը անպայմանորեն կուղեկցի աշակերտներին ողջ ուսումնական տարվա ընթացքում: