ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Կրթությունը կարող է միավորել աշխարհը». ամփոփվեց «Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագիրը
21.08.2019
«Կրթությունը կարող է միավորել աշխարհը». ամփոփվեց «Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագիրը

Ավարտվեց Մանկավարժական համալսարանի կազմակերպած հերթական միջազգային ամառային դպրոցը, որը այս տարի ևս Հայաստան բերեց բազմաթիվ օտարերկրյա ուսանողների:

Արդեն յոթերորդ տարին Մանկավարժական համալսարանն անցկացնում է ուսանողների փոխանակման, ուսումնակրթական, ժամանցային միջազգային այս ծրագիրը. «Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագրին այս տարի մասնակցեց ավելի քան 60 ուսանող ՀՊՄՀ-ից և արտասահմանյան գործընկեր համալսարաններից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Չեխիայից, Լեհաստանից, Չինաստանից, Արցախից:

Անմոռանալի, հետաքրքիր և հագեցած 10 օրերը գեղեցիկ ձեռնարկով ամփոփվեցին ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում:

Բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը շնորհավորեց մասնակիցներին ծրագրի արդյունավետ անցկացման առթիվ և հույս հայտնեց, որ ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք բերեցին նոր ընկերներ, ծանոթացան միմյանց մշակույթներին և վայելեցին բովանդակ ուսանողական առօրյա: «Հրաշալի է, երբ հավաքվում են տարբեր երկրների երիտասարդներ և փոխանակվում մտքերով, փորձով, հմտություններով: Մեր ողջույնները ձեր համալսարաններին, որոնց հետ ունենք արդյունավետ համագործակցություն»,-նշեց պրոռեկտորն ու մասնակիցներին հանձնեց հավաստագրեր:

ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը նկատում է՝ այս տարվա ծրագիրը ևս հարուստ էր ինչպես մշակութային, այնպես էլ կրթական բաղադրիչով: Դասախոսությունների թեմաները հատուկ էին ընտրված՝ կրթության փիլիսոփայությունից մինչև հոգեբանություն, կրթական հեղափոխության վրա մեդիայի ազդեցությունից մինչև ներառական կրթության տարբեր երկրների խնդիրներ և արդիական մի շարք այլ թեմաներ:

«Ամենամյա այս ծրագիրը ոչ միայն միջմշակութային երկխոսություն է, այլև մասնակիցներին բազմաթիվ նոր հմտություններով, գիտելիքներով, փորձով և բացահայտումներով զինելու լավագույն ձևերից է. մասնակիցները սովորում են, համեմատում ու բացահայտում նոր արժեքներ»,- ասաց Մարիաննա Հարությունյանն ու հավելեց՝ սա կրկնակի կարևոր է հատկապես Մանկավարժական համալսարանի ուսանողների համար. նրանք միջազգայնացման գործընթացին ծանոթանում են հենց իրենց «տանը»:

Միջազգային համագործակցության բաժնի ղեկավարը հավելեց նաև, որ ծրագրի ընթացքում լսել են ուսանողների առաջարկները և առաջիկայում արտասահմանյան գործընկերների հետ կքննարկեն ծրագրում փոփոխություններ անելու անհրաժեշտության, հետագա զարգացման համար:

«Ամառային դպրոց»-ն այս տարի կրում էր «R-evolution»՝ արագ զարգացում խորագիրը. այդ շրջանակներում մասնակիցները հետազոտություններ էին կատարել կրթական բարեփոխումների վերաբերյալ՝ հարցախույզ անցկացնելով ինչպես հայ, այնպես էլ մեր երկրում կրթությունը շարունակող օտարերկրացիների շրջանում: Օտար երկիր, լեզվական արգելք, կրթական այլ համակարգ, ֆինանսական միջոցների բացակայություն, հաջողության երաշխիքների բացակայություն և այլն. սրանք այն հիմնական դժվարություններն ու խնդիրներն էին, որ առանձնացվել էին տարբեր բուհերի ուսանողներով համալրված խմբերի հետազոտության արդյունքում: Չնայած այս օրերին մասնակիցները չհասցրին ամբողջությամբ ծանոթանալ միմյանց կրթական համակարգին, բայց կարողացան ներկայացնել իրենց պատկերացնումներն ու տեսլականը կրթական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ. նրանք վստահ են՝ կրթությունը կարող է միավորել աշխարհը:

Փակման հանդիսավոր արարողությանը ուսանողների մի մասը ներկայացրեց ազգային երգն ու պարը, բեմադրություն, հումոր, մյուսները ժամանցային և մշակութային գերհագեցած տասնօրյակը ամփոփեցին տեսաշարով:

Օտարազգի ուսանողները տպավորված էին Հայաստանով և «Ամառային դպրոց 2019» ծրագրով, որը բազմակողմանի հագեցած էր և լավ կազմակերպված: aspu.am-ի հետ զրույցում խոստովանեցին՝ Հայաստանը սիրեցին դեռ օդանավակայանից, իսկ հետո առիթ ունեցան վայելել մեր երկիրը իր ողջ հմայքով՝ հիասքանչ բնությամբ, հարուստ պատմությամբ ու մշակույթով:

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Մանկավարժական համալսարանին նման արդյունավետ, տպավորիչ և անմոռանալի ծրագիր կազմակերպելու համար և խոստացան հնարավորության դեպքում անպայման վերադառնալ իր հյուրընկալությամբ առանձնացող Հայաստան:

Նշենք, որ Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում անցկացվող տասնօրյա «Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագրի մասնակիցները ներկայացնում էին Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական, Պետական մանկավարժական, Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական, Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական, Չեխիայի Պարդուբիցեի, Չինաստանի Հարավ-արևմտյան, Արցախի պետական և Հայկական պետական մանկավարժական համալսարանները: