2024-2025 ուսումնական տարվա մեկնարկը տրված է․ ՀՊՄՀ N 57 հիմնական դպրոցում, Հենակետային ավագ դպրոց-վարժարանում և Մանկավարժական մայր բուհում բարձր տրամադրությամբ և տոնական միջոցառումներով դիմավորեցին կրթական կառույցների սաներին և նորեկներին։
Օրը կրկնակի տոն էր հատկապես այն երեխաների համար, որոնք առաջին անգամ էին ոտք դնում դպրոց։
ՀՊՄՀ N 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը մաղթեց, որ փոքրիկների կյանքի առաջին զանգը նրանց հոգիներում լուսավոր ղողանջներ արթնացնի՝ ավետելով միայն բարի լուրեր․ «Կրթությունը լույս է, և հաջողում են միայն այն հասարակությունները, պետությունները, որտեղ կարևորվում է այն։ Մեր ազգային հոգեկերտվածքի շնորհիվ մենք միշտ արժևորել ենք գիրը, գրականությունը, գիտությունը։ Սովորելը, կրթվելն այնքան էլ դյուրին գործ չէ․ այսօրվանից ձեզ համար սկսվում է այդ դժվարին, բայց հետաքրքրություններով լեցուն ճանապարհը։ Լիահույս եմ՝ դուք մեր ապագան կերտողներն ու այդ դժվարությունները հաղթահարողներն եք։ Բարի երթ Ձեզ։ Թող անխաթար լինի այդ երթը։ Բարի գալուստ»։
Գիտելիքի, գրի և դպրության տոնը շարունակվեց երգերով՝ նվիրված դպրոցին, ուսուցիչներին և կրթության լույսին։ Դպրոցը նորից լցվեց երեխաների զրնգուն ծիծաղով, ուրախությամբ և հրճվանքով՝ նշեցին ավագ դպրոցականները։
Կանաչ ու ճերմակ օդապարիկներով զարդարված 57 հիմնական դպրոցում՝ 61 առաջին դասարանցի՝ դասվարներ Տաթևիկ Աբրահամյանի և Ագրաֆինա Հովհաննիսյանի հետ հնչեցրին դպրոցական առաջին խորհրդանշական զանգը, որի ղողանջների ներքո ազդարարվեց փոքրիկների մուտքը դպրոց։
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո սեպտեմբերյան մեկ օր էլ բացվեց՝ հույսով ու հավատով, գիտելիքների ձեռքբերման հանդեպ մեծ պատասխանատվությամբ։