ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Կրթությունը նույնքան արդյունավետ կարող է լինել նաև հեռավար ուսուցման դեպքում»
09.04.2020
«Կրթությունը նույնքան արդյունավետ կարող է լինել նաև հեռավար ուսուցման դեպքում»

«Թե′ ուսանողը, թե′ դասախոսն ու բուհը ստեղծված իրավիճակը կհաղթահարեն առավել ամրապնդված գիտելիքներով, ձեռքբերումներով ու փորձառությամբ»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ու վստահեցրեց՝ անցումը ուսուցման այդ ձևին հեշտությամբ իրականացվեց շնորհիվ Google Classroom հարթակում աշխատելու երկարամյա փորձառության։ 

Վերջինիս կարծիքով՝ ստեղծված համակարգն արդյունավետ գործիք է առցանց դասապրոցես կազմակերպելու համար․ բացի ամենօրյա դասերից, անցկացվում են միջանկյալ քննություներ, իրականացվում մանկավարժական պրակտիկայի որոշ ձևեր, դրանց արդյունքների պաշտպանություն և այլն:

Հեռավար կրթությունը նորույթ չէ նաև Բանասիրական ֆակուլտետում․ Google Clasroom հարթակի կիրառմամբ հաճախ տեսահանդիպումներ կազմակերպվել են այլ համալսարանների հետ, իսկ արդեն երկրորդ տարին է՝ այդ գործիքով են օտարազգի ուսանողների հետ անցկացվում հայոց լեզվի դասեր։ 

Ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը հաճախ է մասնակցում տարբեր դասերին։ Ուրախությամբ է նկատում՝ հատուկ ռեժիմի պայմաններում պրոֆեսորադասախոսական կազմը շատ արագ ընտելացավ գործընթացին․ վերակազմակերպեցին դասերը, մշակեցին դասի հաղորդման նոր ձևաչափեր։ 

«Դասերին ուսանողների  մասնակցությունը մեծ է։ Միայն հեռավոր մարզերի ուսանողներն են երբեմն կապի խնդիրներ ունենում»,-վստահեցրեց ֆակուլտետի դեկանն ու հավելեց, որ այս իրավիճակում կա նաև անհանգստություն՝ կապված ավարտական աշխատանքների պաշտպանության հետ։ 

ՀՊՄՀ-ի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանն էլ անկեղծանում է՝ իհարկե, ուսանողին անձամբ հանդիպելը մի առանձին հաճույք է, սակայն հեռավար ուսուցումն այս ծայրահեղ պայմաններում հարցի միակ ճիշտ լուծումն է, որովհետև ուսման ու կրթության գործընթացը կանգառ չպետք է ունենա։

«Բոլոր դասախոսներին, ուսուցիչներին, ուսանողներին, աշակերտներին, ծնողներին ուզում եմ հիշեցնել, որ կրթությունը նույնքան արդյունավետ կարող է լինել հեռավար ուսուցման դեպքում։ Եկեք չկորցնենք մեր այնքան թանկ ժամանակը ու երբեք չծուլանանք»,–հավելեց պրոֆեսոր Դոլուխանյանը։

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Արշակյանը կուրսընկերների անունից վստահեցնում է՝ չնայած տեխնիկական խնդիրներին, որոնք արագ վերացվում են բուհի համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ, կարողանում են լիարժեք ընդգրկվել դասապրոցեսում․ ստեղծված իրավիճակում սա լավագույն լուծումն է։

«Սա շատ լավ հնարավորություն է էլեկտրոնային կրթության առավելությունները, թերությունները ուսումնասիրելու, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի հետ աշխատելու հմտությունները զարգացնելու, փորձ ձեռք բերելու տեսանկյուններից։ Հեռավար կրթությունը 21-րդ դարի ուսուցչի համար կրկնակի կարևոր  է»,-նշեց ապագա մանկավարժ Տաթև Արշակյանը։