ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Կրթությունը՝ Սուրբ ծննդյանն ընդառաջ»․ գիտաժողով Մանկավարժականում
23.12.2022
«Կրթությունը՝ Սուրբ ծննդյանն ընդառաջ»․ գիտաժողով Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Կրթությունը` Սուրբ ծննդյանն ընդառաջ» խորագրով գիտակարգային գիտաժողով։

Բուհի հիմնադրման 100-ամյակին նվիրված ձեռնարկի նպատակն էր համախմբել ոլորտի ներկայացուցիչներին, իրենց փորձը, գաղափարները, սեփական հետազոտության արդյունքները ներկայացնելու և փոխանակելու լեզվաբանության, դասավանդման մեթոդիկայի ժամանակակից զարգացումների վերաբերյալ։

Մասնակցում էին հանրապետության բուհերի, գիտակրթական կառույցների, թանգարանների ներկայացուցիչներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, ՀՊՄՀ-ի՝ 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրում կրթական ծրագրի մասնակիցներ, ինչպես նաև Բրիտանական Խորհրդի ներկայացուցիչներ և այլն։

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, կարևորելով գիտաժողովի անցկացումը, իրենց բացառիկությամբ հատկապես ընդգծեց ուսանողական պաստառ-ներկայացումները, նկատելով՝ դրանք օտար լեզվի ուսուցման և դասավանդման մեթոդիկայի ոլորտում նորարարություն են։

Լիագումար նիստում «Պայծառություն չնաշխարհիկ». Սուրբ Ծնունդը հայ թարգմանական մանկագրության մեջ զեկույցը ներկայացրեց պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանը, իսկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը՝ բանաստեղծի հիշատակը հավերժացնող նվիրական վայր» թեման՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։

Գիտաժողովի աշխատանքներն ընթացան երկու մասնախմբերում․ ներկայացվեց 14 զեկուցում։

Պրոֆեսոր Կարեն Հայրյանի նախագահությամբ՝ առաջին մասնաճյուղում անդրադարձ եղավ օտար լեզուների ուսուցման մեթոդիկայի տեսության և պրակտիկայի առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին, մանկավարժական պրակտիկային՝ որպես ուսանող-ուսուցիչ անկյունաքար, թուրքերենի ուսուցման մեթոդների գործնական կիրառմանը և այլն։

Երկրորդ մասնաճյուղի աշխատանքները նախագահում էր պրոֆեսոր Ելենա Մխիթարյանը․ զեկույցներ եղան օբյեկտիվ ապացույցների մակդիրների հատուկ հղումով՝ իմացականորեն պայմանավորված դիսկուրսի ճանաչողական ուսումնասիրության, բրիտանական և հայկական հեքիաթներում՝ ժամանակի հայեցակարգավորման, հայերենում՝ իրավաբանական տերմինների բառային միավորների զարգացման վերաբերյալ։

Նույն մասնաճյուղում «Տոնածառի զարդարման պոետիկա»-ն ներկայացրեց Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցնետ Գոհար Մելիքյանը։

Գիտաժողովի մասնակից, Նյու Յորքի համալսարանի ներկայացուցիչ Վիոլետ Ժանոն ներկայացրեց «Ազատ հոգիների տուն», իսկ Յեյլի համալսարանի մասին ակնարկը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի «Ֆուլբրայթ» ծրագրով հրավիրյալ դասախոս Ալեքսանդր Բուտովեցկին։

Գիտաժողովի հաջորդ մասում՝ «Մտածողության/մտածական հմտությունների ընկալում» և «Հաղորդակցական հմտություններ EFL (aնգլերենը՝ որպես օտար լեզու) բանավոր հաղորդակցման հմտությունները դասարաներում/լսարաններում բարելավելու համար» թեմաներով Բրիտանական խորհրդի թրեյներներն վերապատրաստման ձևաչափով անցկացրին վարպետության դասեր։

Դեկան Միքայելյանը պատահական չի համարում, որ գիտաժողովին իրենց անմիջական մասնակցությունն է բերել անձամբ Բրիտանական Խորհրդի առցանց ուսումնամեթոդական հարթակի ֆասիլիտատոր Մարգարիտ Գևորգյանը։

Մեր օրերում կառույցի՝ անգլերեն լեզվի մշակած մեթոդաբանությունն ամենաարդիականն է, նորարականն ու ճկունը, իսկ անգելերենի դասավանդման փորձի ներդրման առումով՝ լավագույնն են։

Գիտաժողովին զուգահեռ ցուցադրվեց ուսանողական պաստառ-ներկայացումեր․ ի դեպ, դրանցում առկա QR կոդերը հնարավորություն կտան առավել հանգամանորեն ծանոթանալ ներկայացված թեմաներին։

2-րդ կուրսի ուսանող Անիչկա Այվազյանն ու կուրսընկերները պաստառ-ներկայացումը ստեղծել են դասապրոցեսում, իրենց անցած նյութերի հիման վրա։ Վստահ են՝ հնչյունաբանության տարբեր բաժիններին վերաբերող տեղեկատվությունը կհետաքրքրի ցածր կուրսերի ուսանողներին և առավել մատչելի կդարձնի նյութի յուրացումը։

«Կրթությունը` Սուրբ ծննդյանն ընդառաջ» խորագրով գիտակարգային գիտաժողովում ծավալվեց մասնագիտական քննարկում, եղավ փորձի փոխանակում։