Մանկավարժական համալսարանն առաջին անգամ երաշխավորվել է՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու համար։
Նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 1-ն անցկացվող 110 ժամ տևողությամբ դասընթացին կմասնակցի 70 վերապատրաստվող՝ մայրաքաղաքից և մարզերից։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը վերապատրաստման առաջին օրը ողջունեց դասընթացի մասնակիցներին և պարտավորեցնող համարեց, որ նախապատվությունը տրվել է հենց մանկավարժական բուհին։
Բուհի ղեկավարը լիահույս է՝ դասընթացները կլրացնեն անհրաժեշտ գիտելիքների պակասը՝ ձևավորելով աշխարհայացք, բավարարելով մասնագիտական, մանկավարժական, դաստիարակչության ժամանակակից պահանջմունքները, տեղեկատվական տեխնոլոգիաների իմացությունը։
Պրոֆեսոր Գևորգյանը խոստովանում է՝ հոգեհարազատ հանդիպում է․ Նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ է։ Այսօր արդեն, որպես սոցիալական հոգեբան, նախադպրոցական մանկավարժական գործունեության ընթացքում կարևորում է սոցիալական խնդիրների, հոգեբանական մեխանիզմների իմացությունը, որով էլ հաճախակի պայմանավորված է այդ ոլորտում աշխատանքի արդյունավետությունը։
Որքանո՞վ ենք մենք ճանաչում այսօրվա երեխային, որի սոցիալական տիրույթը վերջին շրջանում դուրս է մղվել մեծի պատասխանատվության շրջանակից, ո՞վ է մեր ժամանանակից մանկության սուբյեկտը, ինչպիսի՞ զարգացման ծրագրեր պետք է առաջադրել՝ բավարարելու մեծացող երեխայի սոցիալականացման գրագետ գործընթացը, որի արդյունքում կունենանք վաղվա ապագայի լավագույն սերունդ։ Ռեկտոր Գևորգյանը վերապատրաստվողների հետ հանդիպմանը խոսեց ժամանակակից մարտահրավերների համատեքստում մանկության հիմնախնդիրների, մանկության սուբյեկտի դերի, ձևավորման, զարգացման, դաստիարակման մեթոդների փոփոխությունների մասին, նկատելով, որ դրանց հիման վրա անհրաժեշտ է կառուցել կամ վերակառուցել մեթոդական նոր իմացություն։
«Եղած գործիքակազմը, մեթոդաբանական գիտելիքներն ու հմտություններն այլևս բավարար չեն»,-կարծում է ռեկտորն ու հույս հայտնում, որ հմուտ մասնագետների հետ համալիր հարցադրումների արդյունքում կձևավորվի մասնակիցների մասնագիտական սոցիալական ձեռագրաբանությունը, իսկ բացերը կլրացվեն Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի բանիմաց և գրագետ մասնագետների լրացուցիչ խորհրդատվության, մեթոդական գրականության և անհրաժեշտ փոխօգնության, օժանդակության շնորհիվ։
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը վերապատրաստումները Մանկավարժական համալսարանի համար կարևոր ռազմավարական ուղղություն է համարում․ գործընթացն ամենատարբեր ուղղություններով բուհում մեկնարկել է դեռևս 2012 թվականից։
Պրոռեկտոր Իսպիրյանը բարի ընթացք մաղթեց մասնակիցներին և վստահեցրեց՝ հնարավորություն կունենան լավարկելու մասնագիտական հմտություններն ու կարողությունները․ դասավանդելու են ոլորտի առաջատար մասնագետները, որոնք լավագույնն են նաև հանրապետության մասշտաբով։
Հույս հայտնեց, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժները ձեռք բերած գիտելիքները կկիրառեն իրենց ամենօրյա աշխատանքում։
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը ևս լիահույս է, որ համագործակցությունը լինելու է արդյունավետ, իսկ մասնակիցները կհեռանան լիարժեք բավարարված՝ ստացած գիտելիքներով և ձևավորված կարողություններով։
Նա գործընթացը պարտավորեցնող է համարում նաև նրանց համար, ովքեր պատասխանատու են նոր սերնդի դաստիարակության, արժեհամակարգի և աշխարհայացքի ձևավորման համար․ «Վերապատրաստումն իրականացվելու է առավելապես նորարարական մոտեցումներով, նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների շեշտադրմամբ և փոխներգործուն մեթոդներով։ Այն հնարավորություն կտա հարստացնել մեթոդական, տեխնոլոգիական, տեսական գիտելիքները»,-նշեց Արմենուհի Մանուկյանն ու հիշեցրեց՝ մանկավարժը նա չէ, ով սովորեցնում է, այլ նա՝ ումից ցանկանում են սովորել։
Վերապատրաստման առաջին դասը մեկնարկեց կրթական փաստաթղթերի վերաբերյալ դասընթացով․ պրոֆեսոր Ալլա Դալլաքյանը հորդորեց ոլորտի ներկայացուցիչներին բարձրաձայնել խնդիրներն ու աշխատել միասին՝ համոզված լինելով, որ հարստացած նոր գիտելիքներով և շեշտադրումներով հնարավոր կլինի ստանձնել սերունդ կրթելու խիստ պատասխանատու գործը։