ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կվերապատրաստվեն օտար լեզուների մասնագետները
19.02.2018
Կվերապատրաստվեն օտար լեզուների մասնագետները

Մանկավարժական համալսարանում շարունակվում են պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումները.այսօր մեկնարկել է Օտար լեզուների ֆակուլտետի Ռոմանագերմանական և Օտար լեզուների ուսուցման ամբիոնների կազմի անգլերեն լեզու և գրականություն գծով /36 ժամ տևողությամբ/ երկշաբաթյա մասնագիտական վերապատրաստումը:

Գործընթացն իրականացվում է Գիտահետազոտական կենտրոնի կողմից մշակված վերապատրաստման հատուկ ձևաչափով, որին կմասնակցի ֆակուլտետի 16 դասախոս:

Այս անգամ վերապատրաստումներն անցկացնելու համար Մանկավարժականում է Օլդ Դոմինիոնի (ԱՄՆ) համալսարանի Անգլերեն լեզվի կենտրոնի հրավիրյալ դասախոս Գրեգ Ռեյվըր Լեմփմընը:

Գեղարվեստական մի շարք գրքերի հեղինակն ունի նաև դասավանդման երկար տարիների փորձ, զբաղվել է լրագրությամբ, մի շարք ամսագրերում հանդես եկել որպես խմբագիր:

Վերապատրաստման ընթացքում դասախոսություններով հանդես կգան նաև բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ելենա Մխիթարյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Թադևոսյանը, ԵՊՀ-ի ասիստենտ Սերոբ Խաչատրյանը:

«Վերապատրաստումների նպատակն է նպաստել արդյունավետ մասնագիտական գործունեության ծավալմանը: Այդ պատճառով՝ գործընթացում առավելապես կարևորվում  են վերապատրաստող անձնակազմի մասնագիտական որակները»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը:

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: