ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կվերապատրաստվի շուրջ 3000 ուսուցիչ
21.08.2019
Կվերապատրաստվի շուրջ 3000 ուսուցիչ

Մանկավարժական համալսարանում մեկնարկել են «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում անցկացվող վերապատրաստումները:

ՀՀ կենտրոնական բանկի և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվող վերապատրաստումներին մասնակցում են դասվարներ, մաթեմատիկայի և հասարակագիտության ուսուցիչներ Երևանից և մարզերից:

Ծրագիրը նպատակ ունի նախ ուսուցիչների, ապա նաև աշակերտների շրջանում զարգացնել անձնական ֆինանսների վերաբերյալ պատասխանատու որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ունակություններ՝ ինտեգրելով ֆինանսական տարրեր «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաներում:

ՎերապատրաստումներՆ անցկացվում են փուլերով՝ երեք օր տևողությամբ: Վերապատրաստումներն իրականացնում են այս ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանում օգոստոսի 7-10-ը վերապատրաստված թրեյներները:

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի համակարգող Ռիտա Գևորգյանն aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ վերապատրաստողների կազմում ընդգրկված է նաև Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Նրա կարծիքով՝ վերապատրաստումներում Մանկավարժական համալսարանի ներգրավվածությունը կարևոր է մի քանի տեսանկյուններից. նախ՝ ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը ևս իր մասնագիտության շրջանակում կխորացնի գիտելիքները ֆինանսական կրթության վերաբերյալ, ինչպես նաև դասավանդման ընթացքում փորձն ու գիտելիքը կփոխանցի ապագա ուսուցիչներին. «Ստացվում է, որ ապագա մանկավարժը դպրոց կմտնի արդեն իսկ վերապատրաստված և ծրագրի վերաբերյալ գիտելիքներով զինված»,-հավելեց Ռիտա Գևորգյանը:

Նշենք, որ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում անցկացվող վերապատրաստումները կլինեն շարունակական. նախատեսված է առաջիկա երկու տարում ծրագրի շրջանակներում վերապատրաստել Երևանի և մարզերի դպրոցների շուրջ 3000 ուսուցիչների: