Կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի Նախադպրոցական մանկավարժության ամբիոնի երկարամյա վարիչ (1961-1993 թթ.), հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Արտաշեսի Ալեքսանդրյանը:
Էմմա Ալեքսանդրյանը ծնվել է 1927 թվականին Երևանում: 1951 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը:
1956 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և աշխատանքի անցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում որպես դասախոս, 1961-ից՝ Նախադպրոցական մանկավարժության ամբիոնի վարիչ:
1970 թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզ՝ դառնալով առաջին կին դոկտորը Հայաստանում:
1988-ի երկրաշարժից հետո առաջին իսկ օրից Նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ամբիոնին կից կազմակերպել է Հայաստանում առաջին հոգեբանական օգնության վերականգնման կենտրոն՝ երեխաների և մեծերի համար: Կիրաառվող արդյունավետ մեթոդների հետ ծանոթացել են բազմաթիվ երկրների հոգեբաններ, որոնք բարփձր են գնահատել կատարվող աշխատանքի արդյունքները:
Հրատարակել է մենագրություն (ռուսաց լեզվով), գիրք ծնողների համար, դասագրքեր: 80-ից ավելի հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում և այլուր:
Ներառվել է «20-րդ դարի արհեստավարժ և գործարար կանայք» (2003, Քեմբրիջ) և «20-րդ դարի նշանավոր գիտնականները» տեղեկատուներում: Մի շարք միջազգային հոգեբանական ընկերակցությունների անդամ է:
Էմմա Ալեքսանդրյանի՝ վաստակաշատ մանկավարժի, անվանի գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: