Կյանքի 73-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դոցենտ Զավեն Սարգսյանը:
Զավեն Սարգսյանը ծնվել է 1947 թվականին Երևանում: 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ-ռադիոտեխնիկ մասնագիտությամբ: 1986-1992 թվականներին եղել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն։
Լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից, եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը։ 1992թ-ից մինչ օրս Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենն էր:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում: 1974թ-ից տպագրվել է Հայաստանի ամսագրերում, եղել է Հայկական հանրագիտարանի լուսանկարիչը, նկարազարդել է բազմաթիվ գրքեր:
Զավեն Սարգսյանը Մանկավարժական համալսարանում դասավանդում էր 2011 թվականից: Նա իր մասնագիտական փորձն ու գիտելիքներն անմնացորդ նվիրումով փոխանցում էր ապագա լուսանկարիչներին ու օպերատորներին:
Զավեն Սարգսյանի՝ մեծաշնորհ արվեստագետի և վաստակաշատ մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: