ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի նախկին ռեկտոր Գևորգ Բաղդասարյանը
06.11.2023
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի նախկին ռեկտոր Գևորգ Բաղդասարյանը

Նոյեմբերի 5-ին 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Բաղդասարյանը։

Գևորգ Բաղդասարյանը ծնվել է 1936թ-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում։ 1958թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1978թ-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1979թ-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1990թ-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1994թ-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Գևորգ Բաղդասարյան գիտնականի ողջ կյանքն ու գործունեությունը համակ նվիրում էր գիտությանը։

Տասնամյակներ շարունակ գիտական տարբեր հաստատություններում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ նպաստելով գիտական ինստիտուտների զարգացմանը․ 1979-1988թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, 1987-1988թթ-ին՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1992-1994թթ-ին՝ ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, 1988-2000թթ-ին՝ ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ, 1998-2002թթ-ին` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 2002-2007թթ-ին՝ ԵՊՀ ռեկտորի խորհրդական, 2007թ-ին՝ ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, 2007թ-ից՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։

1994-1998թթ-ին Գևորգ Բաղդասարյանը եղել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր։ Նրա ղեկավարման տարիները մինչ օրս առանձնակի ջերմությամբ է հիշատակում բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ բարձր գնահատելով գիտնական- մանկավարժի նաև ուսումնակակազմակերպչական ջիղը։ Բուհի համար մեծագույն պատիվ է, որ մինչև վերջերս ակադեմիկոսը դասավանդում էր Մանկավարժական համալսարանում՝ իր գիտելիքները փոխանցելով ապագա մանկավարժներին։

Ականավոր գիտնականը, ում ավանդը մեխանիկայի բնագավառում անուրանալի է, մեծ ոգևորությամբ ուղի էր հարթում նաև երիտասարդ գիտնականների համար։ Գևորգ Բաղդասարյանի՝ մեխանիկայի բնագավառում իրականացված հետազոտությունները, բազմիցս ներկայացվել են գիտական միջազգային հանրույթին՝ արժանանալով բարձր գնահատանքի։

Նա առաջադրել է բազմաթիվ կարևորագույն գիտական խնդիրներ, որոնց հետազոտական արդյունքները մնայուն արժեքներ են հայ գիտական մտքի համար։ Նա «Բարակ մարմինների էլեկտրամագնիսական մեխանիկա» գիտական ուղղության հիմնադիրներից է, գիտական դպրոցի ղեկավարը։ Իր գիտական գործունեության շնորհիվ նա դարձել է միջազգային ասպարեզում լայնորեն ճանաչված գիտնական: Անդամակցում էր մի շարք հեղինակավոր գիտական ինստիտուտների, իսկ գիտության ոլորտում ունեցած անուրանալի ավանդի համար արժանացել է մի շարք պետական պարգևների։

Մանկավարժական համալսարանի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը խորապես ցավակցում է անվանի գիտնականի և մանկավարժի մահվան կապակցությամբ: Ականավոր գիտնականի ու վաստակաշատ մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Նշենք, որ Գևորգ Բաղդասարյանի հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 7-ին՝ ժամը 18։00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։