ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի նախկին ռեկտոր Միսակ Դավթյանը
29.06.2018
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի նախկին ռեկտոր Միսակ Դավթյանը

Հունիսի 25-ին 84 տարեկան հասակում, կյանքից հեռացավ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Միսակ Դավթյանը:

1958 թվականին նա ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1963-ին՝ ԽՍՀՄ ԲԳԱ Մոսկվայի կենսաբանական և բժշկական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան։ Տարբեր տարիներին բուհական համակարգում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, 1999-2002 թվականներին եղել Մանկավարժական համալսարանի ռեկտոր:

Միսակ Դավթյանը մեծ ավանդ ունի Հայաստանում գիտության, մասնավորապես՝ կենսաքիմիայի զարգացման գործում:

Ակադեմիկոսը մեծ դեր ունեցել բարձրագույն կրթության կատարելագործման, բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում, արժանացել գիտնականին վայել բազմաթիվ կոչումների և պարգևների:

Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ և կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հուշամեդալով:

Բուհի հոբելյանի առթիվ ՀՊՄՀ-ի Պաշտոնաթերթին տված հարցազրույցում՝ ականավոր գիտնականն ու մանկավարժը վստահեցրել էր, որ ուսանողների հետագա հաջողություններն ինքը կապում է դասախոսների ճիշտ աշխատանքի հետ. «Դասախոսի մեջ պետք է պարտադիր մեկտեղվեն մարդկային լավագույն հատկանիշներն ու լավ մասնագետ լինելը»:

Բազմավաստակ մանկավարժը իր և ուսանողների միջև երբևէ արհեստական սահման չի պահպանել՝ վստահ լինելով, որ ուսանողը շատ զգայուն է, նրա հանդեպ պետք է դրսևորել առավելագույն օբյեկտիվություն:

Գիտնական դասախոս, ուսումնական գործի կազմակերպիչ. հարցազրույցում այսպես էր բնորոշել ինքն իրեն Միսակ Դավթյանը, ով յուրաքանչյուր անհաջողության պատճառ իր մեջ էր փնտրում:

Ականավոր գիտնականի ղեկավարությամբ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններն են պաշտպանել 60-ից ավելի մասնագետներ: Ակադեմիկոս Միսակ Դավթյանի ստեղծած գիտական դպրոցն այսօր էլ շարունակում է աշխատել հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:

Մանկավարժական համալսարանի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը խորապես ցավակցում է անվանի գիտնականի և մանկավարժի մահվան կապակցությամբ: