Մանկավարժական համալսարանը մեծ կորուստ ունեցավ․ կյանքից հեռացել են Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասախոս, ՀՀ վաստակավոր գործիչ և Ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը, Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանը և Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանը։
Սուրեն Գյանջումյանը ծնվել է 1932թ. հունիսի 19-ին, Թուրքմենստանում: 1947-50թթ սովորել է Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում, 1966-77թթ` Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում:1967-77թթ դասավանդել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս, 1967-71թթ ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965թ.` համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973թ. ստեղծել և ղեկավարել է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը:
2009թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է, արժանացել է մի շարք պարգևների։ Տեղեկացնենք, որ Սուրեն Գյանջումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` մայիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Հրաչյա Աշուղյանը ծնվել է 1938 թվականին` Թբիլիսիում: 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1975 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր: 1967 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1992 թվականից` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի Ռեժիսուրայի ամբիոնում։ 1975 թվականից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ[, այդ թվում՝ արտասահմանում։ Տեղեկացնենք, որ Հրաչյա Աշուղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին՝ ժամը 18:00-ից, Սուրբ Սարգիս եկեղեցի (Նոր Նորք թաղամասի 5-րդ զանգված), իսկ վերջին հրաժեշտը` մայիսի 16-ին նույն վայրից:
Յուրի Դավթյանը ծնվել է 1956 թվականին։ 1978-1982 թթ-ին սովորել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետում, 1982-1984 թթ-ին ասպիրանտուրայում`ժամանակակից հայոց լեզու մասնագիտությամբ: 1990 թ-ից առ այսօր գիտամանկավարժական գործունեություն էր ծավալում հարազատ բուհում, դասավանդում էր Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում՝ ուսանողների տարբեր սերունդներին փոխանցելով ժամանակակից հայոց լեզվի վերաբերյալ գիտելիքներ: 2011-2016 թվականներին եղել է Բանասիրական ֆակուլտետի դեկանը: Մի շարք գիտական հրապարակումների և աշխատությունների հեղինակ է: Տեղեկացնենք, որ Յուրի Դավթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին՝ ժամը 18:00-ից, Շիրակի 74/1 հասցեում գտնվող սգո սրահում (Կարմիր բլուրի գերեզմանատան մուտքի մոտ), իսկ վերջին հրաժեշտը` մայիսի 16-ին նույն վայրից:
Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում վաստակաշատ մանկավարժների, դասախոսների հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին: