ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ դոցենտ Հայկունի Հարությունյանը
04.09.2024
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ դոցենտ Հայկունի Հարությունյանը

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր-խորհրդատու ֆիզմաթ. գիտ. թեկնածու Հայկունի Հարությունյանը։

Հայկունի Հարությունյանը 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, իսկ 1970-1974 թթ․՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտ էր։ Նույն թվականից մինչև իր կյանքի վերջին օրը Հայկունի Հարությունյանը գիտամանկավարժական գործունեություն էր ծավալում Մանկավարժական համալսարանում՝ ավագ դասախոսից մինչև դոցենտ։

1984-1986 թթ․ ղեկավարել է ՀՊՄՀ Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության, իսկ 2001 -2015 թթ․՝ Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնը։ 2015 թվականից մինչ օրս Հայկունի Հարությունյանը նույն ամբիոնի դոցենտ էր։

Նա երկար տարիներ կրթել և մասնագիտական գիտելիքներով է զինել ապագա մանկավարժների բազմաթիվ սերունդների՝ նրանց փոխանցելով մաթեմատիկայի դասավանդման իր հարուստ փորձն ու գիտելիքները։

Բազմաթիվ գիտական հոդվածների, դասագրքերի հեղինակ է, որոնք մինչ օրս կարևոր ուղեցույց են վաստակաշատ մանկավարժի կրթած սերունդների համար։

Գործընկերների և նրա սաների խոսքով՝ Հայկունի Հարությունյանի կյանքն ու գործունեությունը համակ նվիրում էր գիտությանն ու մանկավարժությանը։ Վաստակաշատ մանկավարժին ու գործընկերոջը ուսանողներն ու մտերիմները կհիշեն որպես պատվարժան մարդու, սիրելի ընկերոջ ու անփոխարինելի մանկավարժի։

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Հարությունյանների ընտանիքին՝ Հայկունի Հարությունյանի մահվան կապակցությամբ:

Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ից «Հավերժություն» սգո սրահում (հասցեն՝ Հասրաթյան 9), hուղարկավորությունը սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրից։