Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ներսես Սամվելյանը։
Ներսես Սամվելյանը 55 տարեկան էր։ 2007 թվականից մինչև օրս դասավանդում էր հարազատ բուհում։ Տարիներ շարունակ նա կրթել ու մասնագիտական գիտելիքներով է զինել ապագա մանկավարժների բազմաթիվ սերունդներ՝ նրանց փոխանցելով կենսաաշխարհագրության, ընդհանուր երկրաբանության, մայրցամաքների և օվկիանոսների ֆիզիկական աշխարհագրության, գեոմորֆոլոգիայի, հնէաշխարհագրության, լանդշաֆտագիտության ժամանակակից հիմնախնդիրների վերաբերյալ իր փորձն ու գիտելիքները։
Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում էր բնաանթրոպոգեն տարածքային համակարգերի լանդշաֆտային պլանավորումը, լեռնային գեոհամակարգերի լանդշաֆտային հետազոտությունների գիտապրակտիկ հիմնախնդիրները ՀՀ-ում, ռեկրեացիոն լանդշաֆտագիտության տեսությունն ու մեթոդաբանությունը։
Իր գործի նվիրյալ էր․ 60 գիտական և գիտամեթոդական հոդվածների, 4 ուսումնական ձեռնարկի, 1 մենագրության հեղինակ։
Ներսես Սամվելյանը վայելում էր պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների սերն ու հարգանքը: Գործընկերների խոսքով՝ հրաշալի մարդ էր և նրբանկատ մանկավարժ, որի գրագետ ու լեցուն գաղափարները խթանել են ուսանողների մասնագիտական գիտելիքների և մարդկային բարձր որակների ձևավորմանը։
Մանկավարժական համալսարանն իր վշտակցությունն է հայտնում մանկավարժի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին:
Ներսես Սամվելյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 4-ին` ժամը 17:30-ից, «Անգել» սգո սրահում, իսկ հուղարկավորությունը ապրիլի 5-ին` ժամը 13:00-ին, նույն վայրից: