ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Մկրտիչ Ավագյանը
31.03.2021
Կյանքից հեռացել է  ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Մկրտիչ Ավագյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ Մկրտիչ Ավագյանը:

Մկրտիչ Ավագյանն ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտկան համալսարանը`անգլերեն և ֆրանսերեն լեզուների մասնագետ-ուսուցիչ որակավորմամբ, ապա ուսանել Չիկագոյի Իլինոյսի պետական համալսարանի Ամերիկյան հետազոտությունների բաժինը`ամերիկագետ որակավորմամբ: Աշխատել է տարբեր ոլորտներում`ուսուցչից մինչև հաղորդավար-մեկնաբան, ապա զբաղեցրել տարբեր պաշտոններ Վ.Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական համալսարանում` որպես Զարգացման գծով պրոռեկտոր, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, ուսումնական բաժնի վարիչ: 

2011 թվականից մինչ օրս Մանկավարժական համալսարանի կրթական բարեփոխումների և որակի վարչության պետն էր: Վերապատրաստվել էր աշխարհի մի շարք երկրներում և ձեռք բերած ողջ փորձն ու գիտելիքները ներդնում էր բարձրագույն կրթության բարեփոխումների իրագործման մեջ: Իր անմիջական ղեկավարմամբ այդ տարիներին իրագործվել են կրթական ոլորտի տարբեր ծրագրեր, իրականացվել բարձրագույն կրթությունը ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցնելու բարեփոխումներ: 

Մկրտիչ Ավագյանը փիլիսոփայական գիտությունների թեկնածու էր, դասավանդում էր ՀՊՄՀ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնում` իր գիտելիքները, փորձառությունն ու իմացությունը փոխանցելով կառավարման ապագա մասնագետների տարբեր սերունդներին:

Հեղինակել է 30-ից ավել գիտական հոդված և 3 դասագիրք, Մանկավարժական կրթության զարգացման հայեցակարգի համահեղինակն էր:

Մկրտիչ Ավագյանի՝ վաստակաշատ մանկավարժի, արհեստավարժ ղեկավարի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Ավագյանների ընտանիքին՝ Մկրտիչ Ավագյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Նշենք, որ Մկրտիչ Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին` ժամը 18:00-ին Քաղաքային գերեզմանատան (Թոխմախ)գլխավոր մուտքից 500մ վերև գտնվող սգո սրահում, իսկ հուղարկավորությունը ապրիլի 2-ին` ժամը 13:00-ին նույն վայրից: