ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Մանասյանը
11.03.2022
Կյանքից հեռացել է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Մանասյանը

Կյանքի 66-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների դոցենտ Գագիկ Մանասյանը: 

Գագիկ Մանասյանը ծնվել է 1955 թվականին, 1973-1979թթ. սովորել է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետում: 

1979-1981թթ. եղել է Աբովյանի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, 1981-1984թթ-ին` Հայաստանի գրողների միության գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյի տնօրենի տեղակալ, ապա «Անդրադարձ», ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթերիի հիմնադիր-խմբագիր, Աբովյանի շրջխորհրդի գործկոմի մշակույթի վարչության պետ,  Կոտայքի մարզպետարանի մշակույթի և կրթության վարչության պետ: 2001-2007թթ. Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ, իսկ 2002-2006թթ. ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարն էր: 2007 թվականից մինչ օրս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն էր: Նույն թվականից մինչ օրս դասավանդում էր Պարարվեստի մանկավարժության ամբիոնում:

Գագիկ Մանասյանը ակտիվորեն զբաղվում էր նաև հասարակական գործունեությամբ. ՀՀ Հանրային խորհրդի անդամ էր` մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ, «Հայի միտք» համահայկական հեռուստատեսային մասնագիտական ակումբի նախագահն էր, Երևանի գեղարվեստի ակադեմիայի և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի խորհրդի անդամ:

Գործընկերների խոսքով` նրա ապրած ողջ կյանքը համակ նվիրում էր հայ մշակույթին և ազգային հոգևոր ժառանգությանը. «Նա  մարդասիրության և ընկերասիրության բացառիկ օրինակ էր մեզ համար: Գագիկ Մանասյանը անգնահատելի ծառայություն է  մատուցել  արվեստի և մշակույթի ուղին բռնած հազարավոր անհատների, ովքեր այսօր խորապես վշտակցում են նրա ընտանիքին և բոլոր հարազատներին: Գագիկ Մանասյանի ինքնանվիրումով ապրած կյանքը, նրա ողջ կենսագրությունը անջնջելի հետք են թողնելու գալիք սերունդների հոգիներում»:

Գագիկ Մանասյանը հայ մշակույթի անխոնջ պահապանն էր, անզուգական մտավորական, վաստակաշատ մանկավարժ, արհեստավարժ ղեկավար, հարգված մարդ թե′ իր ղեկավարած կոլեկտիվներում, թե′ հանրության շրջանում: 

ՀՀ արվեստի վաստակավոր գործչին գործընկերներն ու ուսանողները կհիշեն որպես պատվարժան մարդու, սիրելի ընկերոջ, անզուգական մտավորականի:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Մանասյանների ընտանիքին՝ Գագիկ Մանասյանի  անժամանակ մահվան կապակցությամբ: