ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արմեն Թամազյանը
02.12.2020
Կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արմեն Թամազյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Մանկավարժական համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը:

Արմեն Թամազյանը ծնվել է 1959 թվականին, 1980-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում: 1985-ից, ավարտելով ասպիրանտական կրթությունը, զբաղվել է ինչպես գիտական գործունեությամբ, այնպես էլ զբաղեցրել տարբեր պաշտոններ տնտեսական ոլորտի տարբեր կազմակերպություններում:

2011թվականից մինչ օրս Մանկավարժական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորն էր: Իր անմիջական ղեկավարմամբ այդ տարիներին իրագործվել են բարեկարգման, վերանորոգման և բազմաթիվ այլ ծրագրեր: Նախաձեռնող ու վճռականորեն իր ծրագրերն իրականացնող ղեկավար էր, բուհի նվիրյալ աշխատակից:

Դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններում՝ Երևանի պետական տնտեսագիտական, Հայաստանի Ֆրանսիական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում, Ֆինանսաբանկային քոլեջում և այլն: Հեղինակել է հարկային քաղաքականության և հարկային վարչարարության տարբեր հիմնահարցերի վերաբերյալ մի շարք հոդվածներ և գիտական զեկույցների թեզիսներ, ինչպես նաև «Հարկային օրենսդրության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը:

Արմեն Թամազյանի՝ վաստակաշատ մանկավարժի, արհեստավարժ ղեկավարի, ընտանիքի հոգատար հոր հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Թամազյանների ընտանիքին՝ Արեմն Թամազյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Տեղեկացնում ենք, որ Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արմեն Թամազյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին Զեյթունի գերեզմանատանը: