ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լաբորատորիան՝ Լեմվել Վալեսյանի անունով
07.11.2016
Լաբորատորիան՝ Լեմվել Վալեսյանի անունով

Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում գործող Աշխարհագրության գիտակրթական ուսումնափորձնական լաբորատորիան այսուհետ կկրի հայտնի աշխարհագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Լեմվել Վալեսյանի անունը:

Ամիսներ առաջ բուհում բացված ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով հագեցած լաբորատորիան կծառայի նաև որպես լսարան, որտեղ ապագա մանկավարժները գործնականում կամրապնդեն տեսական գիտելիքները:

Բուհի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց տարբեր տարիներին բուհը ղեկավարծ ռեկտորների ավանդը կառույցի զարգացման գործում՝ ընդգծելով, որ Լեմվել Վալեսյանը նրանց շարքում ունեցել է իր առանձնահատուկ դերն ու բացառիկ նշանակությունը:

Ռեկտորը նշեց, որ մեծանուն գիտնականի անունով լաբորատորիայի անվանակոչումը կնպաստի նրան, որ գործնականում վերհիշեն, պատմեն, խոսեն արժանի հայորդու մասին.«Լեմվել Վալեսյանն օժտված էր բացառիկ կազմակերպչական ունակություններով, իրական հեղինակություն էր՝ հանգիստ, հանդարտ, միաժամանակ՝ վճռական և սկզբունքային, որը գիտության մեջ ուներ իր ուրույն խոսքն ու կշիռը. այս ամենի զուգակցումը հազվադեպ երևույթ է»:

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը կարևորեց ամիսներ առաջ բացված լաբորատորիայի գործությունեությունը, իսկ աշխարահագրության զարգացման գործի նվիրյալ, աշխարհագրություն գիտության 20-րդ դարի երկրորդ կեսի կարկառուն դեմքերից մեկի անունով լաբորատորիայի անվանակոչումը՝ խորհրդանշական:

Վերջինս կենսագրական, գիտական կարևոր մանրամասներ ներկայացրեց հայտնի աշխարհագետի կյանքից՝ ընդգծելով, որ նա իր ստեղծագործ և գիտակից ողջ կյանքը նվիրել է կրթության բնագավառին.«340 գիտական աշխատություններ, այդ թվում՝ 35 մենագրություններ, համալիր ատլասներ, դպրոցական և բուհական դասագրեր.Լեմվել Վալեսյանը գիտահետազոտական շատ լայն շրջանակներ ունեցող գիտնական էր, ով անջնջելի հետք ունեցավ նաև մանկավարժության գործում՝ հիմք դնելով առանձին մասնագիտական ուղղությունների: Նա աշխարհագրության բնագավառում առավել լուսավոր հետք թողած գիտնակններից մեկն է, ում աշխատանքային գործունեության կարևորագույն արդյունքներից էր նաև այն գիտական ուղղությունները, որոնց բացը երկար ժամանակ ուներ հայ հասաակությունը՝ ատլասային քարտեզագրություն և երկրագրական աշխարահագրություն»:

Պրոֆեսորը ևս մեկ անգամ ընդգծեց, որ լաբորատորիայի անվանակոչումը շնորհակալ գործ է ինչպես մանկավարժական, այնպես էլ դաստիարակչական տեսանկյունից, ինչը երիտասարդ սերնդին հուշում է՝ երախտավորներին պետք է հիշել, գնահատել, շարունակել նրանց արժանի գործը:

«Նրա վերլուծական միտքն ապշեցնում էր. գիտության մեջ հրաշալի էր կողմնորոշվում, հասկանում էր բոլոր ուղղությունները, վերահայտնագործող աշխարհագրության կողմնակից էր, ու այն մեծ երկրների մենաշնորհը լինելուց զատ, համարում էր պետականության ատրիբուտ».այսպես ներկայացրեց Լեմվել Վալեսյանին ՀՊՄՀ-ի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Դանիելյանն ու վստահեցրեց՝ տարիներ անց սերունդները կգնահատեն մեծանուն գիտականին և կշարունակեն նրա գործը:

Երևանի պետական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրություն ամբիոնի վարիչ Ակսել Պոտոսյանը, ով 20 տարուց ավելի աշխատել է Լեմվել Վալեսյանի հետ, նրան բնութագրեց իբրև հանրապետական և միջազգային մեծ ճանաչում ունեցող գիտնականի, ում մի քանի աշխատություններ անգերազանցելի են:

Ձեռնարկին ներկա էր նաև Լեմվել Վալեսյանի բարեկամուհին՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ամբիոնի դոցենտ  Անահիտ Վալեսյանը, ով բարձր գնահատեց գիտնականի անունով լսարանի անվանակոչումը՝ ընդգծելով, որ մեծ կշիռ և բազբաբովանդական աշխատաքնային գիտական գործունեություն ունեցող գիտնականները քիչ են.«Սա կարևոր քայլ է ծանոթացնելու սերունդներին այն գիտնականին, ում հեղինակած դասագրքերով նրանք կրթվում են»: