ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխություն ՀՊՄՀ-ում
22.12.2016
«Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխություն ՀՊՄՀ-ում

«Բացարձակ չեմ ընդունում դատարկ հայտարարությունները, թե մեր օրերում գիրք չեն կարդում: Ամենամյա այս մրցույթն իմ մոմն է, որ ես վառում եմ բողոքելու փոխարեն և ի դիմաց գրքի ու գիտելիքի»,-«Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխության ժամանակ նշեց Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:

Վերջինս ընդգծեց, որ տարիների ընթացքում ունեցել է այն զգացողությունը, որ ինչպիսի տեխնիկական հնարավորություններ էլ ստեղծվեն, գիրքը երբեք չի մահանա. գրքից է, որ մարդը ստանում է կյանքի համար լավագույն գիտելիքները:

Ձեռնարկին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողների ծնողները, բարեկամներ, ընթերցասեր հյուրեր:

Ամփոփելով 1 տարվա արդյունքները՝ պարգևատրվեցին 10 ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև Մանկավարժական համալսարանի 2016 թվականի «Լավագույն ընթերցող»-ը՝ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Սարգսյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվեցին նաև ՀՊՄՀ-ի հիմնական և ավագ դպրոցների լավագույն ընթերցող աշակերտները՝ Էդգար Ասլանյանն ու Նանե Պետրոսյանցը:

Լավագույններին պատվոգրեր և նվերներ հանձնեցին ֆակուլտետների դեկանները, դասախոսներն ու պրոֆեսորադասախոսական կազմը: Շնորհավորելով լավագույն ընթերցողներին՝ վերջիններս շնորհակալություն հայտնեցին գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցին՝ ուսանողներին նման կերպ խրախուսելու, գրքի, ընթերցանության հանդեպ սիրով նրանց վարակելու համար:

Հյուրերն ընդգծեցին Տիգրան Պետրոսյանցի՝ հատկապես գիրքը մեծարելու շնորհաշատ աշխատանքը և հույս հայտնեցին, որ արդեն 7-րդ տարին կազմակերպվող ձեռնարկը կլինի շարունակական և կբացահայտի լավագույն ընթերցողներին:

Ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվեցին նաև անցնող տարվա «Ամենակարդացվող հեղինակները»՝ հայտնի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը, պրոֆեսորՍամվել Խուդոյանն ու ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը: Վերջինս ուրախությամբ նկատեց՝ այն ազգը, որ ունի լավ գրադարաններ, մնայուն է և հարատևող:

«Գրադարանի բարեկամ» անվանակարգում պարգևատրվեց «Հայ զինվոր» թերթն ու «Ազգ» օրաթերթը: Ի դեպ, վերջինս անցնող տարում 900 անուն գիրք է նվիրել Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանին:

Տարվա նոր՝ «Ամենակարդացված գիրք» անվանակարգում 15 000 անգամ ընթերվելու արդյունքով «Հայոց պատմություն» գիրքն էր՝ պատմաբաններ Էդգար Հովհաննիսյանի, Սամվել Պողոսյանի, Խաչատուր Ստեփանյանի և Արմեն Ասրյանի համահեղինակությամբ, իսկ ՀՊՄՀ-ի գրադարանում այլ բուհից «Լավագույն ընթերցող» ճանաչվեց բուհի շրջանավարտ, Գևորգյան հոգևոր ճեմարանի 3-րդ կուրսի ուսանող Ժորա Հակոբյանը:

«300 օր գրադարանում» անվանակարգում լավագույնը ճանաչվեցին Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Արմեն Հակոբյանն ու Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Գոհար Մկոյանը:

Գրքի և ընթերցասիրության օրը գրադարանում ամփոփվեց ամանորյա շնորհավորանքներով, փոխադարձ գիրք նվիրելով և հույսով, որ 2017 թվականն իր հետ կբերի խաղաղություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններ:

Լուսանկարները՝ Սյուզաննա Առաքելյանի