ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լեհական փորձի փոխանակում՝ գործընկերների և ուսանողների հետ
24.09.2021
Լեհական փորձի փոխանակում՝ գործընկերների և ուսանողների հետ

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս Աննա Չարչյանը պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Լեհաստան կատարած այցի և մասնակցած դասընթացների վերաբերյալ մանրամասներ:


Մանկավարժականի դասախոսը խոսեց 2009 թվականին EVS (Եվրոպայի կամավորական ծառայություն) ծրագրով Լեհաստանում կամավորության, այդ թվում՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների, թմրանյութերից, ալկոհոլից կախվածության մեջ գտնվող դեռահասների հետ տարվող աշխատանքների, մշակութային հանդիպումների և այցելությունների մասին:

Աննա Չարչյանը, որպես հետազոտող, 2011-2012 L. Kirkland-ի անվան լեհ-ամերիկյան ազատության Fulbright հիմնադրամի կրթաթոշկային ծրագրով եղել է Պոզնանի Կ. Մարչինկովսկու անվան բժշկական համալսարանում, զուգահեռ աշխատել Պոզնանի թիվ 103 խորը մտավոր զարգացման խանգարումներ ունեցող երեխաների դպոցում, մտավոր խանգարումներ ունեցող երեխաների «BARTEK» մանկապարտեզում, ինչպես նաև պրակտիկա է անցել հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնում. «Լեհաստանը՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի կենտրոն, հետպատերազմյան շրջանում մեծաթիվ զոհեր և տուժածներ ունեցող եվրոպական երկիր բավականին մեծ տեղ է հատկացնում հոգեբանամանկավարժական աջակցություն և միջամտություն ցուցաբերող կառույցների աշխատանքներին, պետական մակարդակով աջակցում է ինչպես մասնագիտական խմբերին, այնպես էլ միջամտության և աջակցության կարիք ունեցող անձանց: Այստեղ լավ հիմքերի վրա է դրված զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեխաների ու մեծահասակների հետ տարվող աշխատանքը, մեթոդաբանությունը, մասնագիտական անձնակազմի պատրաստվածությունը, բնակչության իրազեկումը, սոցիալական ներառումն ու հարմարեցումները»,-ասում է նա:

Հանդիպման ընթացքում բանախոսը խոսեց նաև Լեհաստանում լոգոպեդական մասնագիտական կրթություն ապահովող պետական և ոչ պետական կառույցների, բարձրագույն մասնագիտական, կառավարման բարձրագույն դպրոցների, ինչպես նաև լոգոպեդի որակավորմամբ հետբուհական կրթության մասին:

Աննա Չարչյանն անդրադարձավ նաև լոգոպեդիայի ոլորտում նորագույն հետաքրքրություններին, ուղղություններին, վերապատրաստումներին: Հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով ծավալվեց շահագրգիռ քննարկում: