ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լևոն Մկրտչյան.«Մենք գործ ունենք սեփական առաքելությունը գիտակցող ուսուցիչների հետ»
17.07.2017
Լևոն Մկրտչյան.«Մենք գործ ունենք սեփական առաքելությունը գիտակցող ուսուցիչների հետ»

«ՀՀ-ում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկ միասանական ծրագիր չի կարող լինել.համայնքից համայնք որակապես այլ  իրավիճակ է ստեղծվում: Դրանցից  յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունն ու խնդիրները, որոնք տարբեր լուծումներ են պահանջում: Մանկավարժական համալսարանն այդ առումով տարիներ շարունակ շնորհակալ աշխատանք է կատարում»,-այսօր բուհում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարն  ընդգծեց, որ մասնակիցների  բացարձակ  մեծամասնությունն իրենց գործի նվիրյալներ են, որոնք  հասկանալով սերնդի պահպանման կարևորությունը, շարունակում են   հայանպաստ գործունեություն ծավալել.«Մենք գործ ունենք  սեփական առաքելությունը գիտակցող ուսուցիչների հետ, որոնք  մանկավարժական գործունեությունը կյանքի նպատակ են համարում. ձեր դիտողությունները, առաջարկներն ու բարձրացրած խնդիրները  մտահոգություններն են, որոնք  անուշադրության չեն մատնվի»:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը նշեց, որ  ամենատարբեր մարտահրավերները  ստիպում են մտածել երկրի կրթական ոլորտում փոփոխությունների կատարման անհրաժեշտության մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ  վերջին տարիներին հայաստանյան  այդ ոլորտը ճանաչելի  և չափելի է  եվրոպական կրթական համակարգի կողմից.«Եթե ցանկանում ենք, որ մեր տեսակը շարունակի հպարտ ապրել այս տարածաշրջանում, ապա արմատապես պետք է ձևափոխենք կրթական համակարգը: Մեր երկիրը մի շարք ոլորտներում պետք է լուրջ առաջընթաց գրանցի, այնինչ բնական գիտությունները մեզանում վտանգված են, ինչը չի բխում երկրի զարգացման հեռանկարներից և առաջնահերթություններից: Նոր չափանիշների պայմաններում ուսուցիչների վերապատրաստման գործընթացը դառնում է գերակա, իսկ  մանկավարժական կրթության որակը ՀՀ-ում՝ հիմնական խնդիր»:

Նախարարն  առաջնային դիտարկեց մանկավարժական մագիստրոսական կրթության մատչելիությունը, ուսուցչի մասնագիտության հեռանկարայնությունը, իսկ երկրում գրանցված բարձրագույն ուսումնակական հաստատությունների թիվն անթույլատրելի համարեց:

Լևոն Մկրտչյանը Մանկավարժական համալսարանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի մասնակիցներին հորդորեց  աշխարհի տարբեր երկրներում կրթությունից զատ, չմոռանալ նաև հայեցի դաստիարակության մասին. «Կրթության որակն ունի երեք բաղկացուցիչ՝ գիտելիք, հմտություններ, դաստիարակաություն. միայն գիտելիքով  սխալ է չափել կրթությունը»:

Հանդիպման ընթացքում ուսուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին դասընթացների, հայրենիքում ստացած օգնության, դրական լիցքերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Սփյուռքում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ զինվոր է, ով մշտապես պայքարում է  հայրենիքից հեռու ապրող հայության ուծացման դեմ:

Վերապատրաստվող ուսուցիչները հանդես եկան առաջարկներով, մասնավորապես՝ սփյուռքահայ ուսուցիչների օժանդակության համար ընդհանուր էլեկտրոնային հարթակ ստեծելու, արևմտահայերենը սատարելու և զարգացանելու, արտերկրում արևելահայ դպրոցի ստեղծման, հայկական դպրոցներում հայերենը երկրորդ օտար լեզու դարձնելու մասին:

Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը գործում է 2000 թվականից: Այս տարի Մանկավարժական համալսարանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրին մասնակցում է 17 երկրի 62 ուսուցիչ.դասընթացները կազմակերպվում են 6 ուսումնական խմբերում: Ավարտին կտրվեն ՀՀ ԿԳՆ-ի և Մանկավարժական համալսարանի վկայագրեր: