ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լեզվաբանության նվիրյալն ու մեծանուն գիտնականը. Աշոտ Աբրահամյան
21.11.2018
Լեզվաբանության նվիրյալն ու մեծանուն գիտնականը. Աշոտ Աբրահամյան

«Աբրահամյան ազգանունը կրում են գիտության տարբեր ոլորտների նշանակալի դեմքեր, բայց պրոֆեսոր Աբրահամյան ասելիս նախևառաջ նկատի ենք ունենում մեծ մանկավարժ, գիտնական, լեզվաբան Աշոտ Աբրահամյանին: Նրա մեծագույն վաստակը, մեծ մանկավարժի անունը արդիական է բոլոր ժամանակների համար»,-նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ ԳԱԱ թղթակից անդամ, լեզվաբան պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակի առթիվ կազմակերպված հանրապետական գիտաժողովի բացմանը:

Ռեկտորն ընդգծեց, որ հպարտ է պրոֆեսորի՝ Մանկավարժական համալսարանում երկար տարիներ դասավանդելու փաստով և անդրադարձավ նրա՝ գիտության մեջ ծանրակշիռ դեր ունեցող ձեռնարկներին ու աշխատություններին, որոնք զարդարել են հայագիտության ոլորտը և չեն կորցրել իրենց արդիականությունը: Ռուբեն Միրզախանյանը նաև պատմաբանի տեսանկյունից  արժևորեց գիտնականի գործունեությունը և ընդգծեց՝ Աշոտ Աբրահամյանը մշտապես զերծ է եղել ժամանակի թելադրանքներից, եղել է բարձր:

«Սիրված դասախոս, բազմաթիվ գիտական գրքերի հեղինակ, մեծանուն գիտնական, որ իր անվամբ զարդարել է մանկավարժական մայր բուհն իր նկարագրով, գիտական վաստակով և մանկավարժական ծանրակշռույթով արժանի տեղ զբաղեցրել բուհի պատմության մեջ»,-նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, ով իրեն այն երջանիկներից համարեց, որ աշակերտել է պրոֆեսոր Աբրահամյանին:

Աշոտ Գալստյանի կարծիքով՝ գիտնականի աշխատություններն ու ձեռնարկները, ճշգրիտ գիտական սահմանումները, ծանրակշիռ փաստարկները, վերլուծություններն ու ստուգաբանությունները մինչ օրս էլ անմրցելի են. «Մանկավարժ-հսկան իր աշակերտներին մղում էր այլևայլ հետազոտությունների, իսկ նրա սահմանած նժշաձողը շատ բարձր էր և´ ուսանողների, և´ գործընկերների համար»,-հավելեց դեկանը:

Գիտաժողովին մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտնականներ, նրա ընտանիքի անդամները, տարբեր տարիների ուսանողները:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը ևս ուսանել է մեծ մանկավարժ Աշոտ Աբրահամյանին:

Խոսելով գիտնական և մանկավարժ Աշոտ Աբրահամյանի մասին՝ Աելիտա Դոլուխանյանը նշեց. «Ամեն տաղանդավոր մարդ ծնվում է իրականություն դարձնելու այն պարգևը, որ իրեն տրված է ի վերուստ. նրան ճակատագիրը կանխորոշել էր նվիրվել լեզվաբանությանը, հատկապես՝ արքայական գրաբարին, ու դառնալ ուսուցիչ՝ բարձրագույն դպրոցում նոր կադրեր պատրաստելու համար»:

Պրոֆեսոր Դոլուխանյանը գիտնականի գործունեությունը բաժանեց երկու մասի՝ մանկավարժ և գիտնական, ով իր աշխատանքում առաջնորդվում էր ազգապահպանման և մարդասիության գաղափարներով:

«Առաջին պահից զգացինք՝ մեզ դասավանդում է դասական մակարդակի գիտնական և մանկավարժ, խստապահանջ դասախոս, որ չէր սիրում, երբ ուսանողը թերանում էր. մեծ նվիրյալն ուզում էր նույնը փոխանցել նաև իր սաներին»,-նշեց Աելիտա Դոլուխանյանը:

Հանրապետական գիտաժողովին մասնակցում էր նաև Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը և նույն ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը: Ի դեպ, խմբի ուսանողները օտարազգիներ և սփյուռքահայեր են՝ հնդիկներ, պարսիկներ, հորդանանցիներ և սիրիահայեր, ովքեր երգեցին ժողովրդական երգեր և ասմունքնեցին հայերենով:

Լիագումար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց մասնաճյուղերում. զեկուցողներն անդրադարձան լեզվաբանի կիրառած բառուսուցման հնարներին, գրաբարի շարահյուսական իրողությունների նրա ըմբռնմանը և լեզվաբանական մի շարք առանձնահատկություններին: