ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Լեզվի և մանկավարժության ոլորտներն ամենազգայունն են». Դավիթ Գյուրջինյան
19.03.2019
«Լեզվի և մանկավարժության ոլորտներն ամենազգայունն են». Դավիթ Գյուրջինյան

«Չեմ ուզում ծերանալ. ուսանողների հետ հանդիպումները կարծես ներարկում լինեն մշտապես երիտասարդ մնալու համար: Բացի այդ, երիտասարդության հետ հանդիպումները պետք են ժամանակի զգացողությունը չկորցնելու, նրանց շուրթերին հայերենն զգալու  համար»,-նշեց ՀՊՄՀ-ի Խորհրդի և ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ, բուհի շրջանավարտ Դավիթ Գյուրջինյանը Ա.Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված վարպետաց դասի ընթացքում:

Ուսանողների, ֆակուլտետի դասախոսների հետ հանդիպմանը Դավիթ Գյուրջինյանը խոսեց Մանկավարժական համալսարանում ուսանելու, գիտական առաջին քայլերի, ինչպես նաև ներկայիս գործունեության մասին՝ վստահեցնելով՝ աշխատելը կարևոր է, քանի որ լեզվի և մանկավարժության ոլորտներն ամենազգայունն են:

«Հայերեն խոսելը մի բան է, դրան տեր լինելը, տիրապետելը՝ այլ բան, և հայերեն խոսող ամեն մարդ չպետք է կարծի, որ ինքն ամեն ինչ կարող է անել լեզվի հետ»,-նշեց Դավիթ Գյուրջինյանն ու վստահեցրեց՝ իր ղեկավարած կառույցի՝ Լեզվի կոմիտեի աշխատանքի կիզակետում հենց լեզվի պաշտպանությունն է, դրան վերաբերող յուրաքանչյուր հարց:

Դավիթ Գյուրջինյանի հետ հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով. ապագա դասվարների հարցերը վերաբերում էին տարրական դպրոցում մայրենիի ուսումնասիրման արդի խնդիրներին, դրանց լուծման ուղիներին, դասագրքերի վերահրատարակմանը, դրանցում ստեղծագործություններ ընտրելու սկզբունքներին և այլն:

Որպես հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյանն ընդգծեց՝ դասագրքեր կազմելիս աշխատանք է տարվում, որ ընտրված նյութն առաջին հերթին իր որակով և մտածողությամբ բավարարի ներկայիս աշակերտներին: Վերջինս անկեղծանում է՝ երբեմն շտապում են և չի կատարվում լավագույն ընտրությունը և հավելեց, որ ուսուցիչները կապը պահում են դասագրքերի հեղինակների հետ, ուղարկում կարծիքներ կամ նկատառումներ: Դավիթ Գյուրջինյանն ափսոսանքով է նշում՝ չկա գրաքննիչ խումբ, որի աշխատանքի արդյունքում կբացառվեին դասագրքերում տեղ գտած բացթողումներն ու շտկումները: Խոսելով քննարկվող էլեկտրոնային դասագրքերի ստեղծման մասին՝ նա ընգդծեց, որ պետք է հաշվարկել այն բազմաթիվ նրբություններն ու հնարավորությունները, որ կարող են տալ դրանք:

«Չնայած օրվա զգալի մասը համակարգչով եմ աշխատում, բայց կողմ եմ թղթի ու թղթե գրքի կիրառմանը»,-նշեց Դավիթ Գյուրջինյանն ու ապագա դասվարներին հորդորեց անդադար սովորել, կրթվել, դրսևորել հզոր կամք և երբեք չհանձնել գիտելիքով նվաճած բարձունքը:

Ներկաներն ուղղեցին նաև մի շարք այլ մտահոգող հարցեր՝ եթերի ուղղախոսությունից մինչև ավարտական քննությունների թեստեր ու միասնական դասագրքերի ստեղծման անհրաժեշտություն:

«Հարցերը շատ են, քանի որ լեզուն անսպառ է: Պետք է նախաձեռնել և ննման հանդիպումները դարձնել պարբերական»,-նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի Ա.Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը և շնորհակալություն հայտնեց հյուրընկալվելու համար:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն էլ, մեջբերելով աֆրիկյան իմաստությունը՝ եթե ուզում ես արագ գնալ, գնա մենակ, իսկ թե ուզում ես հեռուն գնալ, քայլիր միասին, հավելեց՝ օրվա խորհուրդը համագործակցությունն է. մենք կսապասենք հաջորդ հանդիպումներին: