ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լիարժեք հանգիստ՝ դասերից առաջ
11.02.2020
Լիարժեք հանգիստ՝ դասերից առաջ

Ավարտվեց Մանկավարժական համալսարանի ամենաուսանողական ձեռնարկներից մեկը՝ ձմեռային հանգիստը բուհի Աղավնաձորի ուսումնական բազայում:

ՀՊՄՀ-ի 10 ֆակուլտետներից, հիմանական դպրոցից և հենակետային վարժարանից շուրջ 70 ուսանող և աշակերտ, այդ թվում նաև 2019-ի լավագույն ընթերցողները, ուսումնական կիսամյակի մեկնարկից առաջ 5-օրյա հանգիստ անցկացրին ակտիվ, ուրախ, հաճելի ժամանցով, նոր ձեռքբերումներով ու զգացողություններով:

Մրցույթներ, բանավեճեր, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր, երաժշտական երեկոներ և այլն. ձյունառատ առօրյան լրացվում էր նաև ամենատարբեր հանդիպումներով:

Այս օրերին ուսանողներն հյուրընկալեցին «Զանգի» հայկական հավելվածի հիմնադիր-տնօրեն Վահրամ Մարտիրոսյանին, որը խոսեց հավելվածի ստեղծման, դրա առավելությունների, անցած ճանապարհի մասին և պատասխանեց ուսանողների հարցերին: ՀՊՄՀ-ի Երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևոգյանն էլ պատմեց իր անցած ճանապարհի, ստեղծագործական նոր անելիքների մասին:

Բուհի պրոռեկտորներ Մհեր Մելիք-Բախշյանն ու Արմեն Թամազյանն էլ հանդիպման ընթացքում լսեցին աղավնաձորյան հանգստի վերաբերյալ ուսանողների տպավորություններն ու առաջարկները, ինչպես նաև պատասխանեցին ուսումնական գործընթացին վերաբերով մի շարք հարցերի:

2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակն արդեն մեկնարկել է. աբովյանականներն այն սկսել են լիարժեք հանգստացած, նոր սպասումներով, ձեռքբերումների ու նվաճումների ակնկալիքով ու տրամադրվածությամբ: Ուսանողները ևս մեկ անգամ համոզվեցին, որ Մանկավարժական համալսարանում ամենակարևոր մարդը ուսանողն է: