ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լիլիթ Աբրեյան
29.09.2017

Փորձություններ, տպավորություններ, ձեռքբերումներ, հիշողություններ ամբողջ կյանքի համար:

Սկզբնական կրթության ֆակուլտետ

Ես Լիլիթն եմ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ:

Էրազմուս+ ծրագրի շնորհիվ հնարավորություն ստացա 3 ամիս սովորելու Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարաններից մեկում՝ Կիլեի համալսարանում: Ես հայտնվեցի գիտական ու կրթական մի նոր միջավայրում, որտեղ ձեռք բերեցի նոր գիտելիքներ, զարգացրի մասնագիտական որակներս և սոցիալական հմտություններս, բարելավեցի անգլերենի իմացությունս: 3 ամիսների ընթացքում լսեցի հետաքրքիր դասախոսություններ, մասնակցեցի գիտական սեմինարների և կոնֆերանսների, աշխատեցի առաջադեմ մասնագետների, բանիմաց պրոֆեսորների և դասախոսների, տարբեր երկրներից եկած ասպիրանտների հետ:

Հնարավորություն ունեցա լինելու Անգլիայի խոշոր քաղաքներում, մոտիկից ծանոթանալու բրիտանական մշակույթի առանձնահատկությունների հետ, ձեռք բերեցի նոր ընկերներ:

Ոչ միայն աշխատեցի թեկնածուական ատենախոսության շուրջ, այլ նաև որպես տարրական դասարանների ուսուցչուհի ծանոթացա բրիտանական տարրական կրթությանը, ուսուցման առաջավոր փորձին, որի լավագույն կողմերը պատրաստվում եմ կիրառել իմ առաջիկա աշխատանքային գործունեության ընթացքում:

Տպավորիչ և ուսանելի էր այցս բրիտանական տարրական դպրոց, որտեղ հնարավորություն ստացա ծանոթանալու դասագրքերի, ուսումնական նյութերի և մեթոդների հետ, տեսնելու, թե ինչպես է կազմակերպվում և իրականացվում ուսումնական գործընթացը:

Այս 3 ամիսները դարձան կյանքիս ամենահետաքրքիր, ամենաուրախ ու ամենալուսավոր ամիսները: Փորձություններ, տպավորություններ, ձեռքբերումներ, հիշողություններ ամբողջ կյանքի համար:

Մասնակցելով այս ծրագրին՝ ես դարձել եմ ավելի ինքնավստահ, ուժեղ, պատրաստ նոր ծրագրերի ու նոր ճանապարհների: Շնորհակալություն Էրազմուս+ ծրագրին, իմ բուհին և Կիլեի համալսարանին այս հրաշալի հնարավորությունն ընձեռելու համար: