ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լոգոպեդիա՝ բացառիկ և մարդասիրական մասնագիտություն
19.11.2018
Լոգոպեդիա՝ բացառիկ և մարդասիրական մասնագիտություն

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գիտաժողով՝ նվիրված լոգոպեդի օրվան:

«Լոգոպեդիայի արդի հիմնախնդիրները» խորագրով ձեռնարկի նպատակը ոչ միայն մասնագիտական հաջողություններն արձանագրելն էր, այլև մարտահրավերներին միասին դիմակայելու ուղիներ գտնելը: Գիտաժողովին մասնակցում էին նաև համագործակցություն հարակից ոլորտի այլ մասնագետներ ևս՝ հոգեբույժներ, նյարդաբաններ, մանկաբույժներ, ապագա լոգոպեդներ և այլք։

Ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ խոսեց լոգոպեդի կարևորության մասին, մասնագիտություն, որի հիմքում մարդն է և նրա խոսքը: Լոգոպեդները կոչված են շտկելու խոսքային խանգարումները, իսկ մասնագիտությունն առնչվում է տարբեր ոլորտների՝ բժշկությանը, հոգեբանությանը, կենսաբանությանը և լեզվաբանությանը»: 

«Բնության մեջ միայն մարդուն է բնորոշ խոսքը, որն ունի անսահման ու բազմապիսի գործառույթներ: Լոգոպեդիան ամենամարդասիրական մասնագիտություններից է, իսկ խնդիրը՝ համամարդկային: Մենք կոչված ենք օգնելու այն մարդկանց, ում խոսքը չի ձևավորվում կամ խաթարվում է. մենք պետք է կարգավորենք մարդկային խոսքի խաթարումը և օգնենք մարդու լիարժեք սոցիալիզացիային»,-նշեց Սիրանուշ Կարապետյանն ու հավելեց, որ մասնագիտության հենքը մանկավարժությունն է:  

Ապագա լոգոպեդներին շնորհավորեց նաև Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ստեփան Գրիգորյանը և վստահեցրեց՝ նրանք բացառիկ մասնագիտության կրողներ են և կոչված են օգնելու մարդուն՝ գտնելու իր տեղը հասարակության մեջ:

Լոգոպեդիա մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները ներկայացրին մասնագիտության առանձնահատկությունների մասին տեսասահիկ՝ փաստելով, որ լեզուն մարդկային հաղորդակցության կարևոր միջոց է, իսկ լոգոպեդիան գիտություն է խոսքի խանգարման, դրա շտկման և կարգավորման մասին:

Ուսանողներն անդրադարձան նաև այլ ոլորտների հետ լոգոպեդիայի կապին, խոսեցին լոգոպեդական միջամտություններում մանկավարժական մեթոդների կիրառման մասին, ինչպես նաև խոստովանեցին մասնագիտությունն ընտրելու պատճառը՝ միմյանց կոչ անելով լինել բարի, համբերատար, լայնախոհ ու ինքնակատարելագործվող:

Ձեռնարկը շարունակվեց մասնագիտական քննարկումներով: