ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լսարան՝ Զավեն Սարգսյանի անունով
02.06.2021
Լսարան՝ Զավեն Սարգսյանի անունով

Այսօր` անվանի լուսանկարիչ, Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դոցենտ Զավեն Սարգսյանի ծննդյան օրը, բացվեց նրա անունը կրող լսարանը: Այսուհետ 109 լսարանն ապագա լուսանկարիչների և օպերատորների համար կլինի մասնագիտական բարձր գիտելիքներով ու կարողություններով զինվելու եզակի վայր, որը զարդարում են նրա լուսանկարչական լավագույն աշխատանքները:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը վստահեցնում է, որ Զավեն Սարգսյանը նորագույն շրջանի հայ մշակութային կյանքի կարևորագույն ներկայացուցիչներից է, բացառիկ երևույթ հայ գեղարվեստական լուսանկարչության ասպարեզում:

«Սերգեյ Փարաջանովի կյանքը, տեղը լուսաբանելու, միրջազգային ասպարեզում քարոզելու տեսանկյունից Զավեն Սարգսյանն ունեցել է բացառիկ դերակատարում: Անուրանալի է այն մեծագույն աշխատանքը, որ նա կատարեց կինոռեժիսորի թանգարանը բացելու համար: Պետք է մշտապես վառ պահել մեծ հայի ու արվեստագետի հիշատակը»,-հավելեց ռեկտորը:

Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դոցենտ Սամվել Սևադան  տարիների հեռվից հիշեց գործընկերոջ մեծագույն ավանդը  հավաքչական աշխատանքներում, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հայկական կոթողներն ու բնակավայրերը լուսանկարելու գործում:

«Երբ հյուրեր են գալիս մեր երկիր, ի թիվս այլ վայրերի, անպայման գնում են նաև Փարաջանովի թանգարան, որը դարձել է ազգը ներկայացնող հետաքրքիր մի վայր: Դա մեր ժողովրդին մատուցած մեծագույն ծառայություն է: Թանգարանի իր աշխատասենյակն արդեն միայն Փարաջանովինը չէ, այլ Զավեն Սարգսյանինը. այդ թանգարանն ինքնին նրա ներկայության առհավատչյան է»,-նշեց Սամվել Սևադան ու մեծագույն արվեստագետին ներկայացրեց նաև իբրև համեստ աշխատավորի ու զարմանալի լուսանկարչի:

Վաստակաշատ մանկավարժի անունը կրող լսարանի բացմանը ներկա էին նաև նրա ուսանողները, որոնք չհասցրին հոգատար դասախոսի ղեկավարմամբ պաշտպանել ավարտական աշխատանքը:

«Մարդ, ումից շատ բան կար սովորելու». այսպես են բնորոշում Զավեն Սարգսյանին նրա ուսանողներն ու խոստանում` մասնագիտական բարձր որակներով միայն կկարողանան վառ պահել նրա հիշատակը:

Նշենք, որ ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դոցենտ, անվանի լուսանկարիչ  Զավեն Սարգսյանը 2011 թվականից դասավանդում էր բուհում: Նա իր մասնագիտական փորձն ու գիտելիքներն անմնացորդ նվիրումով փոխանցում էր ապագա լուսանկարիչներին ու օպերատորներին:

Լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից, եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը։ Նա Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր-տնօրենն էր, և ղեկավարում էր 1992 թվականից:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում: 1974թ-ից տպագրվել է Հայաստանի ամսագրերում, եղել է Հայկական հանրագիտարանի լուսանկարիչը, նկարազարդել է բազմաթիվ գրքեր: