Օրերս Փարաքարի մշակույթի և երիտասարդության պալատում բացվեց «Իմ աշխարհն այսօր և վաղը» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն։
Ցուցադրության էին ներկայացվել ՀՊՄՀ-ի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները։ 37 հեղինակի շուրջ 140 աշխատանք առաջին անգամ ցուցադրվել էր Երևանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում։
Մանկավարժական համալսարանի և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրությունն առաջիկայում կլինի նաև հանրապետության մյուս մարզերի մշակութային հաստատություններում։ ՀՊՄՀ-ի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանի կարծիքով՝ մարզային ցուցադրությունները կնպաստեն, որ մայրաքաղաքից դուրս ապրող մեր հայրենակիցները ևս ծանոթանան ՀՊՄՀ-ի դասախոսների և ուսանողների լուսանկարչական աշխատանքներին։
Նշենք, որ Փարաքարի մշակույթի և երիտասարդության պալատում «Իմ աշխարհն այսօր և վաղը» խորագրով ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 22-ը։