ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լուսանկարների ցուցադրություն՝ «Ծաղկած քարերի երկիր»
20.05.2019
Լուսանկարների ցուցադրություն՝ «Ծաղկած քարերի երկիր»

Դիմանկարներ, քաղաքական անցուդարձ, քաղաքային, գյուղական կենցաղից մինչև հայաստանյան գեղեցիկ համայնապատկերներ․ իրականության այս և այլ բացառիկ պատառիկներն արտացոլվել են ՀՊՄՀ օպերատորության և լուսանկարչության բաժնի 25 ուսանողի աշխատանքերում։

Թեքեյան մշակութային կենտրոնում բացված «Ծաղկած քարերի երկիր» խորագիրը կրող ցուցահանդեսն աննախադեպ է․ Միությունը Մանկավարժական համալսարանի հետ առաջին անգամ է հանդես գալիս համատեղ նախաձեռնությամբ։

Ցուցահանդեսին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմ, հյուրեր։

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց ցուցադրության բացումը և անդրադառնալով լուսանկարչի մասնագիտական դերին՝ հավելեց՝ կանեն հնարավորը, որ վերականգնվի Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից լուսանկարչության ասպարեզում ևս մրցանակ շնորհելու ավանդույթը:

«Սա լավ հնարավորություն է առաջին հերթին ուսանողների համար, քանի որ նրանց աշխատանքների կողքին ներկայացված են Օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դոցենտ Սամվել Սևադայի աշխատանքները»,- նշեց Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանն ու հավելեց՝ չնայած այդ քայլի նպատակը ուսանողին ոգևորելն է, բայց պետք է նկատել, որ ցուցադրված լուսանկարներն էլ արժանի են ներկայացվելու վարպետի գործերի կողքին ։

Դոցնետ Սամվել Սևադան վաղուց սպասված ցուցադրությունը ստացված է համարում: Վերջինս կարևորեց նաև Մանկավարժական համալսարանի՝ ուսանողին մշտապես խրախուսելու, ուսանողակենտրոն քաղաքականություն վարելու՝ մասնավորապես նկարների տպագրությունն իրագործելու համար։

«Լուսանկարչության մեջ ամենակարևորը ցիտելն է՝ պահի արձանագրումը պատմության մեջ, ամեն վաղանցուկ բանի անմահացումը։ Եթե Ձեր գործը հաջող է, նշանակում է ձեր հոգին, դրոշմը տեղավորում եք լուսանկարի մեջ, ինչը հետագայում արվեստի գործ է դառնալու»,-նշեց գրող, հրապարակախոս Երվանդ Ազատյանը և հավելեց, որ  Սամվել Սևադային հաջողվում է պահել գեղարվեստական և փաստագրական լուսանկարչության միությունը։

Ցուցասրահի պատերը զարդարող լուսանկարների շուրջ համախմբված մտավորականներն ու հյուրերը խոսեցին իրականության անկաշառ ու անաչառ արձանագրողի՝ լուսանկարչի մասնագիտության կարևորության, պատմության մեջ ունեցած դերի և մասնագիտության հնարավորությունների մասին։

Ուսանողները շնորհակալություն հայտնեցին պրոֆեսորադասախոսական կազմին և արձանագրեցին ֆակուլտետի ուսանողները մեծ տեղ են զբաղեցնում մեդիաադաշտում, պարբերաբար աչքի ընկնում հաջողություններով։

Նշենք, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև մայիսի 24-ը, իսկ առաջիկայում նախատեսվում են ցուցադրություններ Հայաստանի բնության թանգարանում, Երևանի քաղաքապետարանում՝ «Մայրաքաղաք Երևան»թեմայով։