ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել…
30.09.2021
Լույս է տեսել…

Արդի հայ բառարանագրության բնագավառում նորություն է Մանկավարժական համալսարանի Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՊՄՀ Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի վարիչ Լալիկ Խաչատրյանի հեղինակած «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարանը», որ լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։

Ուսումնական բառարանը ներառում է բուհական դասընթացի ընդհանուր լեզվաբանական տերմինների բացատրությունը.տերմինները կազմում են համանուն գիտակարգի տեսության առանցքը և կրում են ընդհանրական բնույթ, չեն վերաբերում որևէ առանձին լեզվի, այլ բնորոշ են բոլոր լեզուներին։

Լեզվաբանական տերմինները ներկայացնելու տարբեր սկզբունքներ կան. հեղինակը նախընտրել է դրանք մեկնաբանել ուսումնական բառարանի սկզբունքով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ձեռնարկն ուղղված է ուսանողությանը, և անհրաժեշտ է տերմինները մատուցել դաս-դասախոսության կառուցվածքով, որպեսզի վերջինս համակողմանի պատկերացում կազմի լեզվաբանական տվյալ տերմինի թեմատիկ դաշտի վերաբերյալ։

Բառարանում տրվում է լեզվաբանական տերմինների բացատրությունը՝ թեմատիկ (փնջային) եղանակով. յուրաքանչյուր տերմին մեկնաբանվում է բովանդակային համակողմանի ընդգրկումով, որ բառարանին հաղորդում է ուսումնական ձեռնարկի արժեք:

Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարանում լեզվաբանական տերմինները տրվում են ըստ բնագավառների՝ լեզու, հնչյունական համակարգ, բառագիտություն, բառարանագիտություն, քերականական կառուցվածք, քերականական իմաստ և քերականական կարգ, լեզվի տեսություն, լեզվաբանական մեթոդներ, լեզվաբանական տիպաբանություն, լեզուների ցեղակցություն և ծագումնաբանական դասակարգում։

Բառարանի վերջում տրվում է լեզվաբանական տերմինների ցանկը։

Գիրքը կարող է օգտակար լինել հումանիտար ֆակուլտետների ուսանողներին, բուհական համակարգի մասնագետներին, լեզվաբաններին և, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են լեզվի և լեզվաբանության հարցերով:

Աշխատանքը կատարվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» 2021 թվականի ծրագրի շրջանակներում։