ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել…
28.10.2021
Լույս է տեսել…

Լույս է տեսել «Հայ բառարանագրության արդի խնդիրներն ու հեռանկարները» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն, որն ընդգրկում է ՀՀ Լեզվի կոմիտեի և ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի ընթացիկ տարում համատեղ անցկացրած նույնանուն միջազգային գիտաժողովի զեկուցումները։

Ժողովածուում տեղ են գտել հայ բառարանագրության տարաբնույթ հարցեր, մասնավորապես՝ բազմալեզու, համապարփակ, 18-րդ դարի ձեռագիր բառարանների, էլեկտրոնային բառարանագրության, գիտատեխնիկական տերմինների բառարանագրման հարցերի, հնդեվրոպական *u/wel բառարմատի լեզվապատմամշակութային և տերմինաբանական մեկնությունների, լեզուների անվանումների անմիօրինակության ու բառարաններում դրանց գրանցման տարբերակայնության մասին:

Գիտաժողովի նյութերի ժողովածուում ներառված են նաև լեզվաբանական տերմինների ուսումնական բառարանին ներկայացվող պահանջները, հայերեն բժշկագիտական եզրույթների ինքնատիպության հարցերը, «անձ, մարդ» բառիմաստային ենթաբազմության բառարանագրական մշակումներ, անկախության շրջանի Արցախի բառարանագրությանը Կապանի տարածաշրջանի խոսվածքների բարբառային բառարանի կազմման սկզբունքները, գրաբարի արդի բառարանագրության խնդիրները, 16-18-րդ դարերում հայերենի բառապաշարի տեղաշարժերը և այլն։

Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի կազմակերպած «Հայ բառարանագրության արդի խնդիրներն ու հեռանկարները» միջազգային գիտաժողովը թվով երկրորդն է. այն կլինի շարունակական:

Ժողովածուի խմբագրական խորհրդի կազմում են խորհրդի նախագահ, հոգեբանական գիտությունների դոկտոր Սրբուհի Գևորգյանը, գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ Վաղարշակ Մադոյանը, Կարինե Աբրահամյանը, ինչպես նաև բանասիրական գիտությունների թեկնածուներ Դավիթ Գյուրջինյանը, Լուսինե Մարգարյանը, պատասխանատու քարտուղար Մարիամ Մելքոնյանը: