ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել․․․
05.12.2023
Լույս է տեսել․․․

Լույս է տեսել ՀՊՄՀ լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի մենագրությունը։

«Հին հայերենի քերականական համակարգի տիպաբանությունը» վերտառությամբ աշխատանքում ներկայացված են հին հայերենի քերականական համակարգի տիպաբանության խնդիրները՝ ըստ լեզվական մակարդակների։

Ձևաբանական մակարդակում քննության են առնվել թվի, հոլովման և խոնարհման համակարգերի, իսկ շարահյուսական մակարդակում` նախադասությունների, ներառման ստորադասական կապակցությունների, սպասարկու բառերով կառույցների շարադասական կաղապարների տիպաբանութան հարցերը։

Հեղինակը հին հայերենի շրջանակներում քերականական համակարգի տիպաբանությունը դիտարկում է երեք` պատմական, տարժամանակյա և համաժամանակյա կտրվածքներով։

Աշխատանքում փորձ է արվում հիմնավորելու այն տեսակետը, որ հին հայերենի ձևաբանական կառուցվածքը տիպաբանորեն կցական կառուցատիպի է՝ զուգակցված թեքականությամբ, իսկ շարահյուսական համակարգը բավարարում է անվանական կառուցատիպի լեզուների տիպաբանության չափանիշները և բնութագրվում է անվանական կառուցվածքի լեզուների տիպով։

«Հին հայերենի քերականական համակարգի տիպաբանությունը» մենագրությունը կարող է օգտակար լինել բանասիրական ֆակուլտետների ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների, դասախոսների և, ընդհանրապես, բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են հայոց լեզվի պատմության հարցերով։